Ալեքսանդր Թամանյանի ընտանիքը և հետնորդները

Յուրաքանչյուրիս համար կարևոր է իմանալ իր ընտանիքի պատմությունը, քանի որ մենք երբեմն ժառանգում ենք բնավորության անձնական գծերը, արտաքին նմանությունները կամ մեր նախնիների տաղանդները: Հետաքրքիր է նաև իմանալ, թե ինչպես են ապրել Մեծ մարդիկ:

Այստեղ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ալեքսանդր Թամանյանի ընտանիքի պատմությունը, նրա կնոջ և արժանի հետնորդների մասին շատ հետաքրքիր նյութերը։ Հետնորդներից շատերը ժառանգել են հանճարեղ Ճարտարապետի գեղարվեստական տաղանդը ու կազմակերպչական հմտությունները:

Ալեքսանդր Թամանյանի անձնական կյանքը, ընդհանուր առմամբ, երջանիկ էր: Նա շրջապատված էր ընտանիքի, հարազատների և ընկերների սիրով: Նա շատ բարի, պարկեշտ, համեստ, անկեղծ, խելացի, ընկերասեր, բազմակողմանի տաղանդավոր մարդ էր և օժտված էր հումորի բարձր զգացումով:

Այնուամենայնիվ Ալեքսանդր Թամանյանի ճակատագրի մեջ կար երկու հսկայական վիշտ որից նա չկարողացավ վերականգնվել:

Ճարտարապետության ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյան


Եթե ես ճարտարապետ չդառնայի, ապա կդառնայի նվագախմբի դիրիժոր»:Ալեքսանդր Թամանյան

Ալեքսանդր Հովհաննեսի Թամանովը (Թամանյանը) ծնվել է 1878-ի մարտի 4-ին Ռուսաստանի կայսրության Եկատերինոդար (այժմ ՝ Կրասնոդար) քաղաքում հայ բանկային ծառայող Հովհաննես (Իվան) Միրոնովիչ Թամանյանցի (1838-1930) և նրա կնոջ՝ Մարիա Էմանուիլովնա Տերտերյանի (1850-1925) մեծ ընտանիքում: Հովհաննես Միրոնի նախնիները Արևմտյան Հայաստանի Տրապիզոնից էին և փախել էին Ռուսաստան Oսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված ցեղասպանության պատճառով:


Ալեքսանդ Թամանյանի կրտսեր քրոջ՝ Մագդալինա Թամանյան-Շաուսենի 1950 թվականների հուշերից


Փոքրիկ Սաշա Թամանով, 1886

Թամանյանների ընտանիքը Եկատերինոդարում, Ռուսաստան, 1880 թվականներ: Փոքր Ալեքսանդրը կանգնած է ձախ կողմում իր մայրիկի կողքին

«Մեր ծնողները ունեին 12 երեխա, որոնցից 8-ը մեծացան. հինգ տղաները՝ Միրոնը, Գրիգորը, Սերգեյը, Ալեքսանդրը և Էմանուելը և երեք աղջիկները՝ Մագդալինան, Եվգենիան ու Օլգան: Եղբայրս Ալեքսանդրը մեր ընտանիքի չորրորդ որդին էր: Ես չեմ հիշում ոչ մի դեպք երբ Ալեքսանդրի որևէ գործողությունը վրդովեց մեր ծնողներին: Ընդհակառակը, նա օրինակելի երեխա էր: Նա ինձնից երկու տարով մեծ էր և շատ էր սիրում երբ մայրիկը իրեն ինչ-որ ցուցումներ էր տալիս և նա դրանք շատ ճշգրիտ կատարում էր: Սաշան շատ հնարամիտ ու ընկերասեր երեխա էր և կարող էր շատ պարզ բացատրել ամենադժվար բաները: Նա իմ առաջին ուսուցիչն էր և ինձ սովորեցրեց կարդալ և գրել: Եղբայրս վաղ տարիքից շատ լավ էր նկարում, ինչը գրավեց իր նկարչության ուսուցիչ Ալեքսանդր Կուրոչկինի ուշադրությունը և ապագայում նա ամեն կերպ սնուցում էր իր աշակերտի մեջ նկարչի տաղանդը: Ալեքսանդրը, ինչպես մեր ընտանիքի բոլոր անդամները, շատ էր սիրում երաժշտությունը և շատ լավ երաժշտական ունակություններ ուներ: Արդեն տարրական դասարաններից սկսած նա դպրոցի փողային նվագախմբում կորնետ էր նվագում: Հասուն տարիքում նա ուներ թավ բարիտոն և հաճախ իր աշխատանքի ընթացքում սիրում էր հանրահայտ օպերաներից արիաներ երգել: Կոմպոզիտորներից նա շատ էր սիրում Գլինկաին, Ռիմսկի-Կորսակովին, Բորոդինին, Բեթհովենին, Վագներին, Շոպենին, Գրիգին և շատ ուրիշներին:

Ալեքսանդրը որպես անձնավորություն շատ կենսուրախ էր, սրամիտ, շփվող, հիանալի հումորի զգացումով: Նա շատ բարի էր բոլորի նկատմամբ և միշտ օգնում էր բոլորին: Մեր մայրիկը ու հայրիկը շատ էին սիրում Շուրոչկային և նա միշտ ծնողներին սիրով և հարգանքով էր վերաբերվում: Չնայած այն հանգամանքին, որ նրանք ապրում էին տարբեր քաղաքներում, եղբայրս միշտ հասցնում էր գոհացնել նրանց և ամեն ամիս ֆինանսապես հոգ էր տանում նրանց մասին:

Ալեքսանդրը իր սիրելի մոր Մարիայի հետ, 1910

Ալեքսանդրը իր սիրելի հոր Հովհաննեսի հետ, 1930

Երիտասարդ Ալեքսանդրը

Ալեքսանդր Թամանյանի պատկերը իր ընկերոջ Լյուդվիգ Շրեթերի կողմից, իրենց ուսումնառության տարիներին

Եղբայրս գնաց սովորելու Սանկտ Պետերբուրգ և այնտեղ իր տաղանդով և քրտնաջան աշխատանքով հասավ ամեն ինչին: Ոչ ոք նրան չեր օգնել: Իր տանը մի երեկո, թերթելով իր հայկական պատմական ճարտարապետության մասին գիրքը, Սաշան ասաց իր ընկեր Եվգենի Շրեթերին՝ «Կտեսնեք՝ ապրելու ու կառուցելու եմ Հայաստանում»: Այս խոսքերը ավելի ուշ իրականություն դարձան: Սիրելով իր արվեստը, եղբայրս այն նույնացնում էր երաժշտության հետ, ասելով՝ «Ճարտարապետությունը քարե երաժշտություն է»: Իսկ նա սիրում էր երաժշտությունը իր ողջ էությամբ և միշտ ժամանակ էր գտնում համերգներ այցելելու համար: Իսկ որքան էլեգանթ և գեղեցիկ էր նա պարում պոլկա: Նրա հետ պարելը շատ հաճելի էր: Հիշում եմ նաև որ նա սիրում էր ինքնաեռից շատ քաղցր թեյ խմել: Նա շատ էր սիրում գրականությունը հատկապես Ալեքսանդր Պուշկինի, Գրիբոյեդովի և Կռիլովի ստեղծագործութունները: Սանկտ Պետերբուրգում նա ապրում էր Վասիլիևսկի կղզու Մեծ պողոտա 3/41 հասցեում (այս շենքը պահպանվել է մինչ օրս):

Իսկ 1903-1908 թվականներին Ալեքսանդր Թամանյանը ապրում էր Ակադեմիայի հարևանությամբ գտնվող տանը, որը պատկանում էր ականավոր բուսաբան Միխայիլ Ստեպանովիչ Վորոնինին: (Հասցե՝ Սանկտ Պետերբուրգ, Ակադեմիչեսկիյ գոտի, 1/5 -րդ գիծ, Վասիլիևսկի կղզի, 4):

Ա. Թամանյանը և նրա տաղանդավոր ընկերները հայտնի ճարտարապետ Լեոնտի Նիկոլաևիչ Բենուայի արվեստանոցում թեյելիս: Ա. Թամանյանը կանգնածների շարքում ձախից երկրորդն է: Սանկտ Պետերբուրգ, 1903

Ալեքսանդր Թամանյանը այս գրությունն է արել իր թատրոն կառուցելու ցանկության մասին: Թատրոնի նկարագրությունը ներառում է շատրվաններ, շարասյուններ, արձաններ և այգիներ

Ես կցանկանայի թատրոն կառուցել: Դասական խստագույն ճակատ տաճարի տեսքով»: Ալեքսանդր Թամանյանը գրում է 31.12.1911-ին, ժամը 23.20-ին Պետերբուրգում

Հայաստանում նա շատ զբաղված էր և աշխատում էր մինչև ուշ գիշեր, երբեք արձակուրդ չէր վերցնում: Նա չափազանց նվիրված էր իր աշխատանքին և նաև շատ հոգատար եղբայր էր: Իր երեք քույրերին (այդ թվում՝ ինձ) նա խնդրեց տեղափոխվել Երևան և իր ընտանիքի հետ ապրել փոքրիկ բնակարանում:

Ամեն հինգշաբթի երեկո ընկերները այցելում էին Թամանյաններին։ Նրանք ողջունում էին բոլորին: Չնայած այն փաստին, որ եղբայրս կարևոր մարդ էր երկրում և օր ու գիշեր կառուցում էր երկրի համար, նա ապրում էր ծայրաստիճան համեստ: Երբ մարդիկ հարցնում էին թե ինչու նա հարմարավետ տուն չունի, Ալեքսանդրը պատասխանում էր՝ «Ինչ արած, Երևանում կյանքի պայմաններն այսպիսին են»: Իրոք կառավարությունը հատկացրել էր հողամաս Թամանյանի տան համար և պատրաստվում էր օգնել շինարարությանը, բայց դա տեղի չունեցավ: Եղբայրս չէր հասցնում մտածել իր մասին: Նա ամբողջովին կլանված էր իր մեծ գործերի մեջ և կարծես ամբողջովին սպառված էր, նրա տեսողությունը շատ վատ էր: Երբ Ալեքսանդրը Օպերային թատրոնն էր նախագծում, ասաց՝ «Միգուցե ես երբեք չեմ անցնելու թատրոնի կողքով»: Եվ այդպես էլ եղավ: Եղբայրս կյանքից հեռացավ իր 58-ամյակից քիչ առաջ և նա չտեսավ իր գլուխգործոց Օպերային թատրոնը: Նրա դագաղը բերեցին և դրեցին թատրոնի 1 մետր բարձր պատի մոտ: Ցավալի է, որ նա մեզ հետ չէ հիմա, երբ Երևանն ամեն օր ավելի գեղեցիկ է դառնում: Ամեն քայլափոխի մենք կարող ենք զգալ Թամանյանի ստեղծագործության պտուղները»:

Ալեքսանդր Թամանյանի սիրելի կինը՝ Կամիլլա Թամանյան,

ակադեմիկոս Նիկոլայ Բենուայի թոռը


Ալեքսանդր Թամանյանի կինը՝ Կամիլլա Մատվեյի Թամանյանը (Էդվարդսը) գալիս է երկու մայրական նշանավոր գեղարվեստական տոհմերից՝ ֆրանսիական Բենուա ընտանիքից և իտալական Կավոս ընտանիքից:

Կամիլլա Թամանյան (Էդվարդս)

Կամիլլա Էդվարդսի մայրական պապիկը ճարտարապետ Նիկոլայ Լեոնտիևիչ Բենուան էր (1.7.1813-11.12.1898)՝ պետական խորհրդականի պաշտոնակատար, ռուս ճարտարապետ, Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ճարտարապետության ակադեմիկոս և պրոֆեսոր, Պետերհոֆի գլխավոր ճարտարապետ (1850-ից): Նա Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիայում սովորել էր ճարտարապետություն 1827-1836 թվականներին: Ութ տարի անց նա նշանակվեց Նիկոլայ I ցարի պալատական ճարտարապետ և վերահսկեց Պետերհոֆ քաղաքի մի շարք նախագծեր, մասնավորապես, գլխավոր կայսերական ախոռները (1847-1852): Նա հայտնի էր որպես 19-րդ դարի Ռուսաստանում ճարտարապետության և դեկորի մեջ նեոգոթական ոճի վերածննդի հետևորդ:

Ճարապետության ակադեմիկոս, Պետերհոֆի գլխավոր ճարտարապետ, Կամիլլա Թամանյանի պապիկը՝ Նիկոլայ Լեոնտիևիչ Բենուայի դիմանկարը: Նկարիչ Վիկտոր Դումիտրաշկո

Նիկոլայ Լեոնտևիչ Բենուան ամուսնացավ Կամիլլա Ալբերտովնա Կավոսի հետ։ Կամիլլա Ալբերտովնայի հայրը, Ալբերտո Կավոսը (22.12.1800-22.05.1863) Ռուսաստանում բնակվող իտալացի էր, շատ հայտնի ճարտարապետ, որը նախագծել էր Մոսկվայի Մեծ թատրոնը (1853-1856) և Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը (1859-1860): Նիկոլայ Լեոնտևիչն ու Կամիլա Ալբերտովնան ունեցել են 9 երեխա՝ 3 աղջիկ և 6 տղա, երեխաներից երկուսը, ցավոք, մահացել են մանկության տարիներին:


Կամիլլա Թամանյանի պապիկը ճարտարապետ Նիկոլայ Լեոնտևիչ Բենուան (1813-1898), նրա կինը Կամիլլա Ալբերտովնա Կավոսը (1828-1891) երեխաների հետ: Կամիլլայի մայրը, նույնպես Կամիլլան, նստած է աջ կողմում

Կամիլլա Մատվեևնա Էդվարդս (04.07.1885-21.12.1964)՝ Ալեքսանդր Թամանյանի ապագա կինը՝ ծնվել է Սանկտ Պետերբուրգ տեղափոխված անգլիացու՝ Մաթյու (Մատվեյ) Յակովլևիչ Էդվարդսի (1847-1917) և Կամիլլա Նիկոլաևնա Բենուայի (1849-1920) (ճարտարապետ Նիկոլայ Լեոնտևիչ Բենուայի դուստր) ընտանիքում: Մաթյու Էդվարդսը հայտնվեց Բենուայի ընտանիքում 1874-ին որպես երիտասարդ Կամիլլա Բենուայի անգլերենի ուսուցիչ: Երիտասարդներն անմիջապես սիրահարվեցին միմյանց և ամուսնացան 1875-ին։ Մաթյուն տիպիկ բրիտանացի էր՝ բարձրահասակ, ուժեղ, բարեսիրտ, կարմիր մազերով և մորուքով: Նա շատ հմուտ կազմակերպիչ էր և շուտով դարձավ ճոպանի փոքր գործարանի տեր Պետերբուրգի Օխտա արվարձանում։ Երբ նա մահացավ 1917-ին հենց հեղափոխության ժամանակ, նրա աշխատողները ձեռքերի վրա տարան նրա դագաղը ավելի քան երեք կիլոմետր տնից գերեզմանոց և դառնորեն սգում էին:

Կամիլլա Բենուա-Էդվարդսը շատ բարի, հանգիստ, փխրուն կին էր, չորս երեխաների սիրող մայր: Նա սովորեց պատրաստել անգլիական ուտեստներ իր սիրելի Մաթյույի և երեխաների համար. տապակած տավարի միս, հնդկահավ, բադ և կարկանդակներ: Նա վարպետորեն վարում էր տունը և նրանց ընտանիքում ուրախ և հանգիստ մթնոլորտ էր տիրում: Մինչ օրս Էդվարդսների, Բենուաների և Թամանյանների ընտանիքներում գոյություն ունի մի հրաշալի ավանդույթ՝ յուրաքանչյուր սերնդի դուստրերից մեկին Կամիլլա անուն տալ: Այսպիսով՝ Կամիլլա Թամանյանի մայրն ու տատիկը նույնպես Կամիլլա անուն էին կրում:

Աջից ձախ՝ Կամիլլա Թամանյանի հայրը Մաթյու Էդվարդսը, նրա կինը Կամիլլա Բենուան, փոքրիկ Կամիլլան, նրա եղբայրները ու քույրը և պապիկ ու տատիկը՝ Նիկոլայ Բենուան և Կամիլլա Կավոսը

1896-ին Ալեքսանդր Թամանյանը ավարտել է Կուբանի Ալեքսանդրյան ռեալական ուսումնարանը: 1898-ին նա փայլուն հանձնեց ընդունելության քննությունները և ընդունվեց Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիային կից Գեղարվեստի բարձրագույն ուսումնարանի ճարտարապետության ֆակուլտետ: Ալեքսանդր Թամանյանը կրթություն ստացավ լեգենդար վարպետների կողմից՝ Ալբերտ և Լեոնտի Բենուաներից և ուրիշներից: Նրա դասընկերների թվում էին Կամիլլա Էդվարդսի զարմիկները՝ Նիկոլայ և Եվգենի Լանսերեները և Լյուդվիգ Շրեթերը:

1904-ին Թամանյանը ավարտեց Գեղարվեստի բարձրագույն ուսումնարանի ճարտարապետության բաժանմունքը, նկարիչ-ճարտարապետի կոչումով։ Լինելով ճարտարապետության «ծագող աստղ», նա աշխատում էր ակադեմիկոս, պրոֆեսոր, ականավոր ուսուցիչ, ճարտարապետ Լեոնտի Նիկոլաևիչ Բենուայի ակադեմիային պատկանող արհեստանոցում։ Լեոնտի Բենուան, Կամիլլա Էդվարդսի քեռին էր: Ակնհայտ է, որ Ալեքսանդրը և Կամիլլան, ով ավարտել էր մասնավոր Ստայունինայի մասնավոր կանանց գիմնազիան, պետք է որ հանդիպեին իրար և դա տեղի ունեցավ Կամիլլայի մորաքրոջ՝ Եկատերինա Նիկոլաևնա Լանսերեյի տանը: Երիտասարդները շուտով հավերժ սիրահարվեցին միմյանց:

Գեղեցկուհի Կամիլլա Թամանյան

Մեր առաջին իսկ հանդիպման ժամանակ Թամանյանն ինձ վրա թողեց մեծ տպավորություն, բարձրահասակ, համակրելի, ինքնատիպ դիմագծեր, սպիտակ գեղեցիկ ատամնաշար, սև մազեր, որով նա այնքան տարբերվում էր իր ռուս ընկերներից։ Երիտասարդ Թամանյանն իր աշխույժ և ուրախ բնավորությամբ մեր երեկույթների կենտրոնն էր։

Ալեքսանդրը իր հոր հետ նամակներ էր փոխանակում հայերեն: Մինչև օրս հիշում եմ իմ սկեսրայրի մանր, մարգարտաշար ձեռագիրը»:Կամիլլա Թամանյանի հուշերից

Ալբերտ Նիկոլաևիչ Բենուա (1852-1936)՝ հայտնի ռուս նկարիչ, ճարտարապետ, ակադեմիկոս Ալ. Թամանյանի ուսուցիչը: Նիկոլայ Լեոնտիևիչ Բենուայի որդին, Կամիլլա Թամանյանի քեռին

Լեոնտի Նիկոլաևիչ Բենուա (1856-1928)՝ հայտնի ակադեմիկոս ճարտարապետ, պրոֆեսոր, ականավոր ուսուցիչ, Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիայի արհեստանոցի ղեկավար: Նիկոլայ Լեոնտիևիչ Բենուայի որդին, Կամիլլա Թամանյանի քեռին

Ալեքսանդր Նիկոլաևիչ Բենուա (1870-1960)՝ հայտնի նկարիչ, արվեստաբան, պատմաբան, Սերգեյ Դիագիլևի ռուսական բալետների գեղարվեստական ղեկավար: 1898 թ-ին Ալեքսանդր Նիկոլաևիչ Բենուան հիմնեց «Արվեստի աշխարհ» ընկերությունը և համանուն ամսագիրը: Նիկոլայ Լեոնտիևիչ Բենուայի որդին, Կամիլլա Թամանյանի քեռին


Սըր Պիտեր Ուստինովը
(1921-2004)՝ անգլիացի հայտնի դերասան, գրող և ռեժիսոր: Լեոնտի Նիկոլաևիչ Բենուայի թոռը, Կամիլլա Թամանյանի զարմիկի՝ հայտնի ռուս (հետագայում բրիտանացի) նկարիչ Նադեժդա Լեոնտիևնա Բենուայի որդին

Ալեքսանդր Թամանյանը իր սիրելի կնոջ՝ Կամիլլայի հետ


1904-1906 թվականներին Ալեքսանդր Թամանյանը աշխատում էր Սանկտ Պետերբուրգի Նևսկի պողոտայում գտնվող Սուրբ Կատարինե Հայ Առաքելական եկեղեցու վերակառուցման վրա: Ալեքսանդր և Կամիլլայի պսակը տեղի ունեցավ նույն եկեղեցում 1908-ին:

Սուրբ Կատարինե Հայ Առաքելական եկեղեցի, Սանկտ Պետերբուրգ

Թամանյանների երջանիկ ընտանիքում ծնվեց չորս երեխա՝ ավագ դուստրը Մարիան 1908-ին, որդին Գևորգը 1910-ին, դուստրը Վարվարան 1916-ին և կրտսեր որդին Հուլիոսը 1922-ին:

Ալեքսանդրը և Կամիլլան իրենց սիրելի դուստր Մարիայի և որդու Գևորգի հետ, 1914 թ

Ամենակարևոր կենսական և դժվար իրադարձություններն էին՝ 1917-ի երկու հեղափոխությունները, կյանքը Ռուսաստանում Ժամանակավոր կառավարության օրոք: 1917-ի սեպտեմբերին, ընտանիքը պաշտպանելու համար, Ալեքսանդր Թամանյանը իր ընտանիքը տեղափոխեց Սև ծովի ափին գտնվող Անապա քահաք, Կրասնոդարի երկրամասում: Անապայում նույնպես անհանգիստ իրավիճակ էր, սնունդը քիչ էր։ Ինքը՝ Թամանյանը, մնում էր և քրտնաջան աշխատում Սանկտ Պետերբուրգում: 1919-ին նա նախ մեկնեց Անապա, այնուհետև Հայաստան՝ Հայրենիքը, Առաջին Հայկական Հանրապետությունը ոտքի կանգնեցնելու նպատակով: Նա անխոնջ աշխատում էր անկախ Հայաստանի մայրաքաղաք` Էրիվանի (Երևանի) գլխավոր հատակագծի նախագծման և բազմաթիվ այլ հրատապ խնդիրների վրա:

1919-ին Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն: Անապայից նամակները չէին հասնում Հայաստան և ակադեմիկոսը ոչինչ չգիտեր իր ընտանիքի մասին: Մինչդեռ Անապայում, Կամիլլա Թամանյանը ոչինչ չգիտեր իր ամուսնու մասին: Ընտանիքը պահելու համար նա խմորեղեն էր թխում: Կարելի է պատկերացնել նման բաժանման ցավը և որքան դժվար էր դա բոլորի համար: Թամանյանի 1919-ին ուղարկած մեկ նամակը հայտնաբերվեց 1962-ին, բայց դա արդեն մի ուրիշ հետաքրքիր պատմություն է:

Վերջապես Կամիլլա Թամանյանը որոշեց գնալ իր սիրելի Շուրոչկայի մոտ: Մեծ դժվարություններով և երկար ամիսներ շարունակ մեծ ճարտարապետի ընտանիքը հասնում էր Հայաստան՝ ինքնուրույն, առանց որևէ մեկի օգնության, վաճառելով այն ամենը, ինչ ունեին: Գնում էին ձիերով լծված սայլով, գնացքով, Կրասնոդար, Բաքու, Վրաստան... Վերջապես ժամանելով Հայաստանի Ալավերդի քաղաք, ընտանիքը երեք օր կծկվել էր երկաթուղային կայարանում՝ աստիճանների տակ գտնվող անկյունո՜ւմ: Նրանք այլևս հույս չունեին երբևէ տեսնելու իրենց սիրելի ամուսնուն ու հորը և միայն տասնամյա Գևորգը խոսում էր հայերեն, ինչը դժվարացնում էր գործը: Ճակատագրի կամքով, Ալավերդի ժամանեց Հայաստանի Առաջին Հանրապետության ղեկավարներից Լևոն Շանթը: Կայարանի պատասխանատուն նրան զեկուցեց Թամանյանի ընտանիքի մասին և պարոն Շանթը անմիջապես Կամիլլա Մատվեևնային և երեխաներին հրավիրեց իր կառք:  Բարեբախտաբար երբ գնացքը կանգ առավ Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), երբ Ալեքսանդր Թամանյանը այնտեղ աաշխատում էր: Ակադեմիկոսը գնաց կայարան տեսնելու, թե ով է եկել և... ջերմ գրկախառնություններ, արցունքներ, ուրախություն, երջանկություն: Թամանյանների ընտանիքը վերամիավորվեց 1920-ին:

1921-ի ապրիլին, Հայաստանում ռազմական վտանգավոր իրավիճակի պատճառով, Թամանյանների ընտանիքը տեղափոխվեց Իրանի Թավրիզ քաղաք: Իրան տանող ճանապարհին Թամանյանի հմտությունները ժամանակին և պատահաբար օգտակար եղավ. նրա շնորհիվ լաստանավ կառուցվեց արագ Արաքս գետի մի ափից մյուսը հայ զորքերը փոխադրելու համար:

Ալեքսանդր Թամանյանը իր սիրելի դուստր Վարվառայի (Արոչկայի) և կրտսեր որդու Հուլիուսի հետ

Թավրիզում Ալեքսանդր Թամանյանը հաջողաբար աշխատում էր և հույս ուներ, որ ընտանիքի անդամների առողջությունը կամրապնդվի ավելի բարենպաստ կենսապայմաններում: Սակայն տեղափոխվելուց անմիջապես հետո ավագ դուստրը՝ Մարիան, հիվանդացավ և մահացավ: Նա ընդամենը 13 տարեկան էր: Ինչպե՞ս ապրել, ոչ մի ծնող չպետք է իր երեխային կորցնի: Դա սարսափելի ժամանակ էր ամբողջ ընտանիքի համար: Ճակատագիրը դաժան էր, բայց շուտով այն երջանկություն բերեց, երբ ընտանիքում 1922-ին կրտսեր որդին ծնվեց՝ Հուլիոսը: Մինչդեռ, Հայաստանի խորհրդային նոր կառավարությունը բազմաթիվ պաշտոնական հրավերներ էր ուղարկում Ալեքսանդր Թամանյանին, հորդորելով նրան վերադառնալ Հայաստան, իր մասնագիտությամբ աշխատելու համար: Թամանյանների ընտանիքը Հայաստան վերադարձավ 1923-ի մարտին: Կարելի է ասել, որ Երևանը «մաքուր կտավ էր» որտեղ Մաեստրոն ուզում էր ստեղծել իր երազած քաղաք-պարտեզը ապագա սերունդների համար:

Կամիլլա Թամանյանի դիմանկարը: Նկարիչ Եվգենի Լանսերե, Երևան, 1927

Կամիլլա Մատվևնան ազնվորեն դիմանում էր իր ընտանիքի գլխին եկած բոլոր դժվարություններին: Սանկտ Պետերբուրգի եվրոպական շքեղությունն հավանաբար, մնացել էր նրա հիշողություններում: Այնուամենայնիվ, նա ոգևորությամբ և վճռականությամբ ընդունեց նոր կյանքը Երևանում և ստեղծեց հյուրընկալ տուն, որտեղ ամեն հինգշաբթի երեկոյան գալիս էին մեծանուն նկարիչները, գրողները, երգիչները, ճարտարապետները և մշակույթի, արվեստի և գիտության այլ գործիչները:

Հայ անվանի բանաստեղծ և գրող Ավետիք Իսահակյանը իր «Ի հիշատակ անզուգական Թամանյանի» հուշերում գրել է՝

Թամանյան ամուսինները հայտնի էին իրենց ջերմ հյուրընկալությամբ: Նրանք իրենց տունը վերածեցին Երևանի ամենագրավիչ հանդիպման և զրույցի վայրի: Հյուրերը սովորաբար հեռանում էին խորը բավարարվածության զգացումով և անհամբեր սպասում էին նման երեկոյի: Ինչ անմոռանալի պահեր, ինչ քաղցր հուշեր»:

Ռուսերենից հայրեն թարգմանել է Զարուհի Թամանյանը

Ամբողջությամբ կարող եք կարդալ (ռուսերեն) այստեղ

Ալեքսանդր Թամանյանը իր սիրելի դստեր՝ Վարվառայի հետ

1934-ին ընտանիքին հարվածեց մեկ այլ մեծ վիշտ, երբ իրենց սիրելի դուստրը Վարվառան՝ 18-ամյա գեղեցիկ աղջիկը, տաղանդավոր դաշնակահարը, ով ուներ մեծ ապագա, մրսելուց հետո բարդություն ստացավ և մահացավ: Այս հսկայական հարվածը անտանելի էր ընտանիքի և ընկերների համար: Ալեքսանդր Թամանյանի առողջությունը կտրուկ վատացավ՝ հատկապես նրա տեսողությունը: Ամեն օր անկախ եղանակից, նա այցելելում էր իր երկու դուստրերի գերեզմանները: Ընտանիքի համար դա ամենադժվար ժամանակն էր:

Հատկապես Թամանյանին կիսամեռ վիճակից դուրս բերելու համար, կազմակերպվեց նրա ուղևորությունը Մոսկվա և թվում էր, որ այնտեղ գտնվելով, նա լի էր Շչերբատովի տունը վերանորոգելու գաղափարներով: Սակայն Երևան վերադառնալուն պես, ձմռան ցուրտ օրը, Ալեքսանդր Թամանյանը անմիջապես այցելեց իր դուստրերի գերեզմանները, հիվանդացավ և չկարողացավ վերականգնել թոքաբորբից: Ալեքսանդր Հովհաննեսի Թամանյանը մահացավ 1936-ի փետրվարի 20-ին, իր ընտանիքը ու ընկերներին սրտացավ ու իր կարևոր գործը կիսատ թողնելով: Նրա ծրագրերից շատերն իրականացրել են նրա տաղանդավոր որդիները՝ ճարտարապետներ Գևորգ և Հուլիոս Թամանյանները, ինչպես նաև Թամանյանական ճարտարապետական դպրոցի ճարտարապետները, շրջանավարտները և գործընկերները, ովքեր տարիներ շարունակ աշխատել էին Վարպետի հետ:
 
Կամիլլա Մատվեևնա Թամանյանը ապրեց ևս երեք տասնամյակ և մահացավ 1964-ին, շրջապատված իր երկու որդիներով, հարսերով, թոռնիկներով և ծոռնիկներով: Նա իր աչքերով տեսավ իր սիրելի ամուսնու ճարտարապետական նմուշները:

Բենուա ընտանիքի մասին տեղեկություններ կարելի է գտնել մեր կայքում՛ Հղումներ

Ալեքսանդր Թամանյանի եղբոր Էմանուիլի դուստր՝  

Վիրգինիա Թամանյանի 1990 թվականների հուշերից


«Իմ սիրելի հորեղբայրս Շուրան շատ սիրող և բարի անձնավորություն էր: Նա մեծ հայրենասեր էր: Երբ ես 1931-ին Ռուսաստանից եկա Երևան՝ այնտեղ կար մի քանի նշանակալից շենք: Կեսօրվա ժամը 4-ին ուժեղ քամի էր բարձրանում և փոշին թռնում էր ամենուր: Հորեղբայրս Շուրան ասում էր, որ կլիման կփոխվի երբ Երևանում շատ զբոսայգիներ կլինեն և նա ճիշտ էր:

Հորեղբայրս Շուրան ցանկանում էր, որ իր բոլոր եղբայրներն ու քույրերը տեղափոխվեին Ռուսաստանից Երևան: Հայրս մեզ 1931-ին տարավ Երևան: Ես աշխատել եմ Քանաքեռ հիդրոէլեկտրակայանի շինհրապարակում գտնվող գրասենյակում և կատարելագործել եմ հայերենս աշխատանքում: Հորեղբորս Շուրայի երեք քույրերը տեղափոխվեցին Երևան 1932-ին: Նրանք ապրում էին իրենց եղբոր ընտանիքում և բոլորը աշխատում էին և երեկոյան շատ հոգնած տուն էին գալիս: Հորեղբայրս չափազանց քրտնաջան էր աշխատում:

Հորեղբայրս Շուրան հիանալի պարող էր: Հիշում եմ, թե որքան հաճելի էր պարել նրա հետ: Մնացած բոլոր պարող զույգերը դադարում էին պարել և հիացած մեզ էին նայում:

Հորեղբորս կինը՝ Կամիլլան, հիանալի կին էր: Պարզապես պատկերացրեք, թե ինչ էր նրա համար, ով որ մեծացել և ապրել էր հարմարավետ պայմաններում գեղեցիկ Սանկտ Պետերբուրգում, այդ տարիներին Երևանում գտնվել: Նա երբեք չէր բողոքում և ստոիկապես դիմացել է բոլոր դժվարություններին, նա տարիներ շարունակ եղել է իր ընտանիքի ուժը:

Կամիլլա և Ալեքսանդր Թամանյաններ


Հիշում եմ, որ հորեղբորս կինը Կամիլլլան, անգլերեն էր խոսում իր ընկերների ապա թոռնիկների հետ: Նա շատ բարի ու հոգատար կին էր: Նա ձեռագործ աշխատանքների ֆանտաստիկ հմտություններ ուներ: Ընտանիքի համար կերակուր պատրաստելու և լվածք անելու ամենօրյա գործերը ընկնում էին նրա ուսերին: Կամիլլան հիանալի խոհարար էր: Հորեղբայրս շատ էր սիրում թեյ խմել ընտանիքի և ընկերների հետ, երեկոյան նստած իր խորը բազկաթոռում: Նա սիրում էր քաղցր թեյ մի գդալ սերուցքով: Նա շատ էր սիրում երաժշտություն և իմ զարմիկ Արոչկան (Վարվառան) և ես դաշնամուր էինք նվագում և երգում էինք նրա համար: Նա խնդրում էր ինձ չամաչել: Հորեղբայրս Շուրան միշտ կատակում էր, հումորի մեծ զգացողություն ուներ, իսկ տնից դուրս գալիս նա միշտ հրաժեշտ էր տալիս կնոջը անգլերեն «Goodbye» ասելով:

Թամանյանների տանը միշտ շատ հյուրընկալ մթնոլորտ էր տիրում, իսկ հինգշաբթի երեկոյանը դռները բաց էին բոլոր հիանալի ընկերների համար՝ Ավետիկ Իսահակյան, Մարտիրոս Սարյան, Մարիետա Շահինյան և նրա ամուսին՝ բանասեր, թարգմանիչ Յակով Սամսոնի Խաչատրյանց: Նրանք բոլորը Հայաստան եկան կիրը ավերակներից վերակառուցելու նպատակով: Ես ու Վարվառան թեյ էինք հյուրասիրում յուրաքանչյուր հյուրին այդ հրաշալի ստեղծագործական և մտավոր մթնոլորտում:

Կամիլլան և Ալեքսանդրը (լուսանկար ընտանեկան արխիվից)

Իմ զարմիկ Գևորգը շատ հաճելի երիտասարդ էր և լուսանկարչության սիրահար: Հետաքրքիր է, որ Գևորգը ուներ մի հայոց լեզվի մասնավոր դաստիարակ երբ ընտանիքը դեռ ապրում էր Սանկտ Պետերբուրգում: Այնքան մեծ էր հորեղբորս Շուրայի հայրենասիրությունը:

Երիտասարդ Գևորգ Թամանյանը իր մոտոցիկլետով


Իմ զարմիկ Հուլիոսը մանկության տարիներին շատ կենսուրախ տղա էր, ով միշտ կատակով ծաղրում էր բոլորին: Նա իմ ամբողջ կյանքի բարի ընկերներն էր և շատ բարի ու հոգատար մարդ:

Արոչկան ընտանիքի հոգին էր և երբ նա հանկարծ հիվանդացավ և մահացավ, դա բոլորի համար հսկայական ողբերգություն դարձավ: Հատկապես սրտացավ էր հորեղբայրս Շուրան: Նա երբեք նույն անձնավորությունը չէր և ամեն օր գնում էր գերեզմանատուն, իր դուստրերի կողքին լինելու համար:

Ես շատ հիանալի հիշողություններ ունեմ մեր ընտանիքի մասին: Ես ուզում եմ, որ մեր ընտանիքի բոլոր ապագա սերունդները հպարտանան և փառաբանեն Ալեքսանդր Թամանյանի մեծ ազգանունը»:

Գևորգ և Հուլիոս Թամանյաններ՝ Ալեքսանդր Թամանյանի տաղանդավոր որդիները, ճարտարապետները


Թամանյան եղբայրները

Հոդվածը գրել է Ն. Կազարյանը 1978-ին

Ռուսերենից հայերեն թարգմանել է Զարուհի Թամանյանը

Նրանք գնացին իրենց հոր հետքերով: Ինչու՞ են նրանք վերցրել էստաֆետա և այժմ այն փոխանցում են հաջորդ սերնդին: Արդյո՞ք նրանք իրենց երիտասարդության տարիներին զգացել են հրապուրիչ երազանքի հիանալի հուզմունքը, հասկացե՞լ են ստեղծագործության ուժը և Արարչի բավարարվածությունը: Կամ գուցե դա ընտանեկան ավանդությո՞ւն է։ Հայրը՝ ճարտարապետ է, մոր պապը՝ ռուս հայտնի ճարտարապետ Նիկոլայ Բենուան է: Թե՞ իրենց հոր բարձր կոչումը՝ «ժողովրդական ճարտարապետ» պարտավորեցրեց նրանց շարունակել իր սկսածը: Ամենայն հավանականությամբ, ընտանիքի ամբողջ մթնոլորտը դեր խաղաց:

Գևորգը ու Հուլիոսը իրենց մանկության տարիներից հետաքրքրություն էին զգում իրենց հոր գործենեության նկատմամբ և իր կիրքը նրանց նույնպես հրապուրում էր: Իրենց հայրը՝ Ալեքսանդր Թամանյանը նշանավոր մարդ էր: Նա բազմաշնորհ էր, ուներ լավ ականջ և երաժշտական հիշողություն, նվագում էր փողային նվագախմբում, ուներ գեղեցիկ բարիտոն ձայն, պարում էր շնորհքով և էլեգանտությամբ և օժտված էր խելքի և հումորի զգացումով: Բայց ամենից շատ նա սիրում էր ճարտարապետությունը և իր ամբողջ կյանքը նվիրում էր դրան:

Տղաները լսում էին իրենց հոր ստեղծագործական ծրագրերի պատմությունները, տեսնում էին ապագա շենքերի դասավորությունները և ականատես էին դրանց իրականացմանը: Նրանց աչքերի առաջ կառուցվում էին Երևանի հիդրոէլեկտրակայանը, Կառավարական տունը, Ժողովրդական տունը (թատրոնը), Անասնաբուժական ինստիտուտը և բազմաթիվ այլ շենքերը: Նրանց տունը այցելում էին Մարտիրոս Սարյանը, Թորոս Թորամանյանը, Գեորգի Յակուլովը, Մարիետա Շահինյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը, Ավետիք Իսահակյանը, Այծեմիկ Ուրարտուն (քանդակագործ) և շատ այլ հայտնի մարդիկ: Գևորգը և Հուլիոսը լսում էին նրանց խոսակցությունները, ուսումնասիրում էին Երևանի գլխավոր հատակագիծը, որը կազմել էր իրենց հայրը:

Ալեքսանդր Թամանյան՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի շենքի նախագծի հեղինակ: Գևորգ Թամանյանը ավարտեց աշխատանքը ևստեղծեց Արամ Խաչատրյան համերգասրահը

Երկուսն էլ ավարտել են Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետը և երկուսն էլ որոշեցին շարունակել և զարգացնել իրենց հոր սկսածը, որը նա իր մահվան պատճառով չէր ավարտել: Նախևառաջ, Գևորգ Թամանյանը իր վրա վերցրեց Կառավարական տան և Օպերայի և բալետի թատրոնի շինարարության շարունակման մեծ գործը: Արամ Խաչատրյան համերգասրահի համար երևանցիները պարտական են նրան: Գուցե ոչ բոլոր ուսանողներն ու հետազոտողները, ովքեր այցելում են Մյասնիկյանի հանրապետական գրադարանը և գրքերի պահեստավորումը, գիտեն, որ հայրն ու որդին Թամանյանները նախագծել են այդ շենքերը:


Գևորգ Թամանյան
(1910-1993)


Շարունակելով աշխատել իր հոր նախագծերի վրա, Գևորգը միաժամանակ զարգացրեց իր ինքնուրույն ստեղծագործությունը: Նա նախագծեց «Արմգոս-նախագիծ» ինստիտուտը, Լենինի (Մաշտոց) պողոտայի վերջում գտնվող բնակելի շենքերը, Գյումուշի (Արգելի) Հիդրոէլեկտրակայանի բնակելի շենքը, Սայաթ-Նովա երաժշտական դպրոցը և կոնսերվատորիան:

Իհարկե, բոլորը, ովքեր այցելել են Ջերմուկ քաղաք, հիացել են հանքային ջրերի տաղավարի սյունազարդ շենքով, որը նույնպես ստեղծել է Գևորգ Թամանյանը: Մենք չենք թվարկի այն ամենը, ինչ Գևորգն է կառուցել: Իր բեղմնավոր աշխատանքի համար նրան շնորհվել է Վաստակավոր շինարարի կոչում, իսկ մեր փառապանծ մայրաքաղաքի տարեդարձի տոնակատարության ժամանակ 1968-ին՝ ՀԽՇ Վաստակավոր ճարտարապետի կոչում: Համեստ ու պահանջկոտ ճարտարապետ Գևորգ Թամանյանը լի է ստեղծագործական ուժերով: Նա դեռ շատ անելիքներ ունի:


Հուլիոս Թամանյան
(1922-1993)

Հուլիոս Թամանյանը իր մեծանուն հոր կողմից ժառանգել է հնության հանդեպ մեծ սեր: Ալեքսանդր Թամանյանը, որպես Պատմական հուշարձանների պահպանության կոմիտեի նախագահ, մեծ աշխատանք էր կատարել դրանք ուսումնասիրելու և վերականգնելու ուղղությամբ: Նա ուրիշներին սովորեցրեց ոչ միայն ստեղծել նորը, բայց նաև զգուշորեն պաշպանել հինը: Ալեքսանդր Թամանյանը հիանում էր և սովորում պատմական հուշարձաններից: Նա դարձավ անանուն ուսուցիչների մեծ աշակերտը: Նա հորդորեց ոչ թե ընդօրինակել և պատճենել դրանք, այլ զարգացնել և կատարելագործել ժողովրդական արվեստը:

Հուլիոսը այցելել է Հայաստանի գրեթե բոլոր մարզերը պատմական հուշարձաններին ծանոթանալու համար: Նա արձանագրել է, չափագրել է և ուսումնասիրել է դրանք: Նա ստեղծել է վերականգնման նախագծերը և վերահսկել է վերանորոգման աշխատանքները: Գոշավանքը, Մշկավանքը,Աշտարակի 5-րդ դարի տաճարը և հայ ժողովրդի բազմաթիվ այլ շինությունները խնամքով վերականգնվել են Հուլիոս Թամանյանի մասնակցությամբ: Այժմ Հուլիոսը զբաղվում է Երևանի տարածքում Շենգավիթ հնագիտական հուշարձանի վերականգնմամբ և բարեկարգմամբ:

Թամանյան եղբայրները, հավատարիմ իրենց հոր կանոններին, շարունակում են ուսումնասիրել նրա ստեղծագործական ժառանգությունը, դասեր քաղել դրանցից և կատարելագործել իրենց գիտելիքները, դրանք կիրառելով ժամանակակից ճարտարապետական խնդիրները լուծելու համար: Թամանյանների ընտանիքը դեռ զարգանում է ստեղծագործական միջավայրում, ունենալով բազմաթիվ գրքեր, նախագծեր և զրույցներ: Այժմ նրանց երեխաները մասնակցում են այս խոսակցություններին և որոշում են, թե որ ճանապարհը ընտրեն կյանքում:

Գևորգ Թամանյանի դուստրը, երիտասարդ գեղեցիկ Գայանե Թամանյանը (Քարամյանը), Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող է: Հոր նման, նա նույնպես շուտով այս ինստիտուտից դիպլոմ կստանա ճարտարապետ պատվավոր կոչումով: Ինչ կկառուցի և ինչպես կկառուցի Գայանեն, ապագան ցույց կտա, բայց նրա նուրբ ուսերին արդեն մեծ պատասխանատվություն է դրված։ Նա պետք է արդարացնի հայ ժողովրդի կողմից շատ սիրված և նրանց համար թանկ Թամանյան ազգանունը:

Կառավարական տունը և Հանրապետության հրապարակը Երևանում

Ճարտարապետ Գևորգ Թամանյան՝ Ալեքսանդր Թամանյանի ավագ որդին

Արժանի որդին

Հոդվածը գրել է Մարգո Ղուկասյանը «Կռունկ» Ամսագիր, 1985:     Անգլերենից հայերեն թարգմանել է Զարուհի Թամանյանը

Ջերմուկը խոշոր, առաջին կարգի ջրաբուժական և կլիմայական հանգստավայր է և նաև հայկական շինարարական արվեստի և ճարտարապետության կենդանի օրինակ:

Գևորգ Թամանյանը, ով այժմ 75 տարեկան է, իր կյանքի կես դարն նվիրել է ճարտարապետությանը: Ջերմուկում նա ստեղծել է հիանալի և հիացմունքի արժանի առողջարան և հանքային ջրերի տաղավարը (1950-1956) որը գտնվում է փոքրիկ լճակի ափին և բոլոր հանգստացողների համար հիմնական տեսարժան վայրն է: Գևորգ Թամանյանի բոլոր հիմնական և երկրորդական գործերում կարելի է գտնել նրա հավատարմությունը հայկական ճարտարապետական ավանդույթներին, սերն ու նվիրվածությունը նրա արվեստի արմատներին:


ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Գևորգ Ալեքսանդի Թամանյան

Գևորգ Թամանյանը իր հոր, փայլուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի աշակերտն էր: Գևորգը մեծանում էր ընտանիքում, ուր բոլոր անդամները զարգացնում էին իրենց մեջ սեր դեպի քրտնաջան աշխատանքը, արվեստը, բարիությունը: Գևորգը շրջապատված էր այս մթնոլորտով նաև երբ աշխատում էր Ալեքսանդր Թամանյանի արվեստանոցում:

Մենք հայերս, բացառիկ գանձի տեր ենք, որը չունի որևէ նյութական արժեքի անալոգներ: Այս հարստությունը սերնդեսերունդ փոխանցվող արհեստներն են, շինարարների, աղյուսագործների, երկաթուղայինների, բժիշկների, երաժիշտների և ճարտարապետների հմտությունները: Նրանց ժառանգությունը և նվիրվածությունը իրենց գործին հանդիսանում են իբրև լավագույն դաստիարակները հաջորդ սերնդի համար: Հայ գրքի պատմությունից մի լուսավոր էջ է մտքի գալիս: Հովհաննես Մանգասարենցը, ով ծնվել է 1419-ին և ապրել է 86 տարի, անսովոր աշխատասեր դպիր էր: Նա ընդօրինակել է 132 ձեռագրեր, որոնք հիմք են հանդիսանում Մատենադարանի (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ) հիմքը: Նրա որդին, Կարապետը, ձեռնամուխ եղավ իր հոր արհեստին, իսկ հետո Հովհաննեսը, Կարապետի կրտսեր որդին, գնաց իր հոր հետքերով:
Գևորգ Թամանյանի նվաճումները՝

  • ՀԽՇ վաստակավոր ճարտարապետ, 1968
  • ՀԽՇ վաստակավոր շինարար, 1957
  • ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր Հանրապետության հրապարակի կառուցապատման համար, 1971
  • ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքի վերակառուցման համար, 1980
  • ՀԽՇ Գերագույն Խորհրդի նախագահության պատվոգրեր (1945, 1953, 1971, 1978)
  • Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (ԵրՊԻ) դոցենտ
  • Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործական համամիութենական ակնարկի դափնեկիր, 1947
  • «Տարվա լավագույն կառույց» հանրապետական ստուգատեսների դափնեկիր, 1953

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան Երևանում

Հինգ դար անց պատմությունը կրկնվեց արվեստի մեկ այլ ասպարեզում։ Ալեքսանդր Թամանյանը, հայ ճարտարապետության հպարտությունը, կառուցեց հոյակապ շենքեր Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: Հայաստանում ապրած տասներեք տարիների ընթացքում նա նախագծեց շատ գլուխգործոցներ: Իր նշանավոր հոր կարևոր գործը շարունակելու պատվավոր բայց շատ դժվար և պատասխանատու առաքելությունն ընկավ Գևորգին և նա այն փայլուն կատարեց: Գևորգը նախագծեց նաև իր մայրաքաղաքի մեծ թվով շենքեր՝ «Արմգոս-նախագիծ» ինստիտուտ, Սայաթ-Նովա երաժշտական դպրոց, բնակելի շենքեր Կիևյան փողոցում:

Հայրը հորինեց այն ամենը, ինչ որդին փորձեց իրականացնել մեծ հարգանքով և ակնածալիր վերաբերմունքով: Դա է վկայում Օպերայի շենքի վերանորոգման ընթացքում յուրաքանչյուր բեկորի նկատմամբ բծախնդիր ուշադրությունը: Գևորգ Թամանյանի իր հոր հանդեպ քնքուշ սիրո լրացուցիչ ապացույցներն են Օպերային թատրոնի և Կառավարական տան շքեղ զարդարանքները: Օպերային թատրոնի, Արամ Խաչատրյան համերգասրահի և Կառավարական տան գեղեցկության երկրպագուները պետք է իմանան, որ այս ամենը Գևորգ Թամանյանի ճարտարապետական տաղանդի պտուղներն են:

Նա իր մեծանուն հոր արժանի որդին է: Պարկեշտ, ազնիվ ու բարի: Գևորգը պատրաստակամորեն կիսվում է այս մարդկային հատկություններով և իր ողջ գիտելիքներով գործընկերների և ճարտարապետների նոր սերունդների հետ:

Գևորգ Թամանյանի համառոտ կենսագրությունը

Գևորգ Ալեքսանդրի Թամանյանը ծնվել է 1910-ի փետրվարի 26-ին Սանկտ Պետերբուրգում: Քանի որ նրա հայրը, Ալեքսանդր Թամանյանը, մեծապես հարգում էր իր հայկական արմատները, մասնավոր ուսուցիչը փոքրիկ Գևորգին սովորեցնում էր հայերեն լեզուն: Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Թամանյանների ընտանիքը տեղափոխվեց Հայաստան: Գևորգը ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետը 1932-ին: Նա աշխատում էր իր հոր հետ և սովորում էր նրանից, ինչը գիտելիքներ տվեց շարունակել Ալեքսանդր Թամանյանի նախագծերը՝ Կառավարական տուն, Օպերայի և բալետի թատրոն, Ազգային գրադարան, Արամ Խաչատրյան համերգասրահ։

Գևորգ Թամանյանը 1948-1955 թվականներին եղել է Երքաղխորհրդի, 1955-1958 թթ-ին՝ Հայպետնախագիծ, 1958-1962 թվականներին՝ Երևաննախագիծ ինստիտուտների ճարտարապետական արվեստանոցների ղեկավար։ Գևորգ Թամանյանը նախագծեց Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահը,  ինչպես նաև Աջափնյակ, Նոր-Զեյթուն և Նորք թաղամասերի բնակելի թաղամասերը, Աջափնյակի ֆիզիկայի ինստիտուտի գիտական քաղաքը, Երևանի «Նաիրի» կինոթատրոնը բնակելի շենքով, Չեխովի անվան համար 55 դպրոցը, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցը, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան, Հայգլխէներգոյի բնակելի տունը, Մաշտոց պողոտայի վերջում գտնվող բնակելի շենքերը, բազմաթիվ հուշարձաններ, Ջերմուկի հանքային ջրերի տաղավարը, Մոսկովյան 31-ի բնակելի շենքը, Երևանի Կիևյան փողոցի բոլոր բնակելի շենքերը, մշակույթի պալատներ Ճարտարում և Մարտունիում, Գյումուշի (Արգելի) Հիդրոէլեկտրակայանի բնակելի շենքը և շատ ավելին:

Գևորգ Թամանյանը և նրա կինը, Էլեոնորա Հայկի Թամանյանը (ծն. Տեր-Պողոսյան) ունեին երեք երեխա՝ Ալեքսանդր Գևորգի Թամանյան (հայտնի ֆիզիկոս), Գայանե Գևորգի Թամանյան-Քարամյան (տաղանդավոր ճարտարապետ) և Կամիլլա Գևորգի Թամանյան (ականավոր բուսաբան): Նրանց հետնորդներից ճարտարապետ դարձան՝ Հայկ Ալեքսանդրի Թամանյանը ( թոռը, ծնված 1965-ին) և Արեգ Էրվանդի Պետրոսյանը (ծոռը, ծնված 2000-ին):

Գևորգ Թամանյանը մահացել է 1993-ին, մեզ թողնելով իր հարուստ ստեղծագործական ժառանգությունը:

Գևորգ Թամանյանի մասին կարդալ այստեղ

Ազգային հանրային գրադարանը Երևանում: Ճարտարապետներ Ալեքսանդր և Գևորգ Թամանյաններ

Չեխովի անվան համար 55 դպրոց

Ճարտարապետ Գևորգ Թամանյանի շինությունները՝

  • Արամ Խաչատրյան ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահ
  • Երևանի «Նաիրի» կինոթատրոն բնակելի շենքով
  • Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց
  • Խաչատուր Աբովյանի հուշարձան: Քանդակագործ՝ Ս. Ստեփանյան, ճարտարապետ՝ Գ. Թամանյան, 1950

(պատկերը մեծացնելու համար սեղմեք այն)

Մոսկովյան 31-ի բնակելի շենքը

Մասնագետների կարծիքով, Գևորգ Ալեքսանդրի Թամանյանի նախագծով կառուցված Մոսկովյան 31 հասցեում գտնվող բնակելի շենքը իր գեղեցկությամբ Երևանի ամենահայտնի շենքերից մեկն է: Այս տանը ապրել և ապրում են հայտնի բնակիչներ և շենքի ճակատը նկարահանվել է «Տղամարդիկ» շատ սիրված կատակերգությունում 1972-ին: Այս ֆիլմում հայտնի Ֆրունզիկ Մկրտչյանը (իսկական անունը Մհեր) ունի գլխավոր դերերից մեկը:

Մոսկովյան 31-ի բնակելի շենքի մի մասը

Հայտնի է, որ մինչ «Տղամարդիկ» ֆիլմը նկարահանելը ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանին ուղարկել էին Երևանի լավագույն շենքերի լուսանկարները: Նա անմիջապես ընտրեց այս գեղեցիկ մեծ պատշգամբներով տունը: Այժմ տան արաջ գտնվող այգում կա մի հայտնի հուշարձան նվիրված կատակերգության գլխավոր հերոսներին:

«Տղամարդիկ» ֆիլմի հերոսների հուշարձանը

«Էներգետիկների» կամ «Տղամարդկանց» շենքը` կենդանի պատմություն

Ջերմուկի հանքային ջրերի տաղավարը



Ձերմուկը երկար պատմություն ունի որպես հնագույն հայկական առողջարանային քաղաք հանքային և դառը ջրերի աղբյուրներով: Խմելու համար է օգտագործվում հարուստ քիմիական բաղադրությամբ ջուրը: Հանգստավայրի «Ձերմուկ» բառը թարգմանվում է որպես «տաք աղբյուր»: Ձերմուկի գեղեցիկ հանքային ջրերի տաղավարը նախագծել է Գևորգ Թամանյանը հայկական ճարտարապետության դասական ոճում և այն կառուցվել է 1956-ին:


Սյունազարդ տաղավարը կամ ինչպես տեղացիներն են անվանում, գալերեան, զբոսաշրջիկներին ներկայացնում է Ջերմուկի հանքային ջուրը տարբեր ջերմաստիճաններում, 30-50-ի սահմաններում: Առանձին աղբյուրներից հոսում են տարբեր ջերմաստիճանների հանքային ջրեր: Այս գեղեցիկ տաղավարում բուժիչ հանքային ջուր խմելը իսկական հաճույք է: Անպայման այցելեք Ջերմուկ առողջարանային քաղաքը Հայաստանում: Ձերմուկում Գևորգ Թամանյանը նույնպես նախագծել է № 2 առողջարանը (1963), ըմպելասրահը (1966) և լողարանների շենքը (1969)։


Ճարտարապետ Հուլիոս (Յուլի) Թամանյան՝

Ալեքսանդր Թամանյանի կրտսեր որդին

Ավագ թոռնիկ Զարուհի Թամանյանի հուշերից, 2021


«Հուլիոս Թամանյանը ծնվել է 1922-ի մայիսի 31-ին Իրանի Թավրիզ քաղաքում, որտեղ ժամանակավորապես ապրում էր հայտնի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի ընտանիքը: Նա ընտանիքի կրտսեր երեխան էր: Հուլիոսը ընդամենը 13 տարեկան էր, երբ կյանքից հեռացավ նրա սիրելի հայրը: Դպրոցը ավարտելուց անմիջապես հետո Հուլիուսը զորակոչվեց Խորհրդային բանակ 1939-1945 թվականներին, Մանջուրիայում ճապոնացիների դեմ կռվեց Հայրենական մեծ պատերազմում՝ 653-րդ հրետանային գնդի, 210 հրաձգային դիվիզիայի, Տրանս-բայկալական ճակատի 36-րդ բանակի կազմում: Հրշեջ դասակի հրամանատար: Լեյտենանտ: Պարգևատրվել է «Ռազմական վաստակի համար» մեդալով և Հայրենական պատերազմի շքանշանով: Դժվար է բառերով արտահայտել իմ հպարտությունն ու շնորհակալությունը իմ սիրելի պապիկին, իր քաջության և մեծ հաղթանակի համար: Պատերազմի վետերանների շատերի նման, նա գրեթե ոչինչ չէր պատմում պատերազմի տարիների մասին:

Պատերազմից հետո Հուլիոսը վերադարձավ Երևան և 1953-ին ավարտեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (ԵրՊԻ) ճարտարապետական ֆակուլտետը: Հուլիոսը ամուսնացավ Քնարիկ Ստեփանի Մնացականյանի հետ և նրանք ունեցան երկու որդի՝ Գագիկ (մաթեմատիկոս) և Գրիգոր (ֆիզիկոս): Գագիկը իմ հայրիկն է:

Քնարիկ Ստեփանի եղբայրը՝ Գուրգեն Ստեփանի Մնացականյանը (1936-2014) ականավոր ճարտարապետ էր, ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի պետական մրցանակի դափնեկիր (Գ. Սունդուկյանի անվան թատրոնի կառուցման բարձր որակի համար, 1970 թ.)։

  Ճարտարապետ Հուլիոս Թամանյանը իր ավագ թոռնիկ Զառայի հետ


Իր նշանավոր հոր կողմից Յուլի Թամանյանը ժառանգեց ոչ միայն իր ճարտարապետական տաղանդը, բայց նաև մեծ սեր դասական երաժշտության հանդեպ: Ես հիշում եմ, որ երբ նա երեկոյան աշխատում էր տանը միշտ լսում էր օպերաներ և սուլում էր:

Հուլիոս Թամանյանը աշխատել է որպես նախագծի գլխավոր ճարտարապետ «Երևաննախագիծ» ինստիտուտում՝ Խորհրդային Միության խոշորագույն նախագծային կազմակերպություններից մեկում: Հուլիոս Թամանյանը Պատանի հանդիսատեսի թատրոնի և Երևանի պիոներների պալատի վերակառուցման հեղինակն է, նաև նախագծել է հիվանդանոցներ և դպրոցներ: Մասնակցել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի և Արամ Խաչատրյան համերգասրահի վերակառուցմանը իր եղբոր՝ Գևորգ Թամանյանի և զարմուհի ճարտարապետ Գայանե Թամանյանի (Քարամյանի) հետ: Հուլիոս Թամանյանը եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ, Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերության փոխնախագահ և այս ընկերության արհեստանոցի տնօրեն: Նա իր ամբողջ կյանքը նվիրեց իր հոր Ալեքսանդր Թամանյանի աշխատանքը շարունակելուն հայկական պատմական ճարտարապետության պահպանման և վերականգնման գործում:

Հուլիոս (Յուլի) Թամանյանը Թեղենյաց վանքում (Կոտայքի մարզի Բուժական գյուղի հյուսիսարևելյան կողմում), 1957

1964-ին Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերությունը սկսեց իր աշխատանքը երկրի բոլոր անկյուններում, ուսանողների և երիտասարդների ներգրավմամբ: Պապիկիս գործը բաղկացած էր հեռավոր վայրեր ճանապարհորդելուց, յուրաքանչյուր արժեքավոր ճարտարապետական հուշարձանը մանրակրկիտ և ամբողջապես ուսումնասիրելուց, լուսանկարելուց, չափագրելուց, էսքիզներ պատրաստելուց, վերականգնման նախագծերը ստեղծելուց, վերականգնման աշխատանքների վերահսկողությունից և հետագայում վերականգնված հուշարձանի պահպանումից: Շատ եկեղեցիները գտնվում էին ծանր վիճակում անուշադրության, երկրաշարժի վնասման և հնության պատճառներով: Հուլիոս Թամանյանի նախագծերով վերականգնվել են հնագույն ճարտարապետության ավելի քան 40 պատմական հուշարձաններ՝ եկեղեցիներ, վանքեր, կամուրջներ ամբողջ Հայաստանի տարածքում, առանց դրանց բնօրինակ պատմական տեսքի փոփոխությունների կամ բարելավումների:

Հուլիոս Թամանյանի աշխատասիրությունը, նվիրվածությունը, տաղանդը և սերը հայրենիքի հանդեպ օրինակ են բոլորիս համար: Պատմական հուշարձաններին նոր կյանք տալով, իմ պապիկները Հուլիոսը և Ալեքսանդր Թամանյանները և նրանց նման մարդիկ, պահպանեցին դրանք ապագա սերունդների համար և արժեքավոր ներդրում կատարեցին մեր հասարակության մեջ: Ես շատ հպարտ եմ, որ ունեցել եմ այտպիսի՜ պապիկներ:

Իմ սիրելի պապիկը  վախճանվել է 1993-ին, բայց նա շարունակում է մնալ իմ սրտում և իր բոլոր վերականգնված  և Հայաստանը զարդարող ճարտարապետության մեջ»:

Զարուհի Թամանյանը աշխատում է որպես գրաֆիկական և վեբ-դիզայներ Ավստրալիայի Մելբուռն քաղաքում և ուրախ է համագործակցել նախագծերի վրա՝ infotamanian@gmail.com

Հուլիոս Թամանյանի մասին կարելի է կարդալ այստեղ


Յուլի (Հուլիոս) Թամանյանի գրքերը հայկական եկեղեցիների վերականգնման վերաբերյալ՝


Հուլիոս Թամանյանը հայերեն և ռուսերեն լեզուներով գրքեր է գրել վերականգնված հայկական հուշարձանների մասին: Նա վճռականորեն նվիրված էր ճարտարապետական հուշարձանների պահպանությանը և վերականգնմանը հայ ժողովրդի ժառանգություն համար:

(ձախ)  «Քարե Տարեգրության Վերականգնումը», Յուլի Թամանյան։  «Հայաստան» Հրատարակչություն, Երևան 1981 (Հայերեն և մի քանի էջ ռուսերեն)
(միջին)  «Հուշարձաններին Նոր Կյանք», Յուլի Թամանյան։ Հայաստան» Հրատարակչություն, Երևան 1988 (Հայերեն և մի քանի էջ ռուսերեն)
(աջ)  «Հայկական ճարտարապետությունը Ղրիմում»: Յու. Ա. Թամանյան և Ա. Յակոբսոն, «Հայաստան» Հրատարակչություն, 1992 (Ռուսերեն )


Յուլի Թամանյանի մասնակցությամբ վերականգնված հուշարձանների համառոտ ցուցակ՝

  • Գնդեվանք, կառուցվել է 936-ին, Ջերմուկ հանգստավայրի հարևանությամբ
  • Բջնի Սուրբ Սարգիս եկեղեցի, 7-րդ դար
  • Սուրբ Աստվածածին եկեղեցի, Արենի, կառուցվել է 1321-ին ճարտարապետ  Մոմիկի կողմի, Արփա գետի կիրճի եզրին
  • Ամբերդի (Վահրամաշեն) եկեղեցի, Ամբերդ ամրոց 11-րդ դար, Արագած լեռան լանջերին
  • Ամբերդ ամրոցի բաղնիք, 11-րդ դար: Աշխատանքը սկսվել է 1972-ին, վերականգնվել է 2005
  • Գոշավանք, 12-13-րդ դդ, Իջևանի շրջան
  • Մշկավանք 12-13-րդ դդ, Նոյեմբերյանի շրջանում
  • Շենգավիթ հնագիտական հուշարձանի վերականգման աշխատանք Երևանում
  • Սուրբ Կարապետ (Նշան) գմբեթավոր եկեղեցին գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգիս (Ալայազ) գյուղում, Զորաց եկեղեցուց հարավ-արևմուտք, 13-րդ դար
  • Ժուխտակ վանք, Դիլիջանից 3 կմ հյուսիս-արևմուտք, բաղկացած է երկու առանձին եկեղեցիներից՝ Սուրբ Գրիգոր, 12-րդ դար և Աստվածածին, կառուցվել է 1201-ին վարպետ Սարգիսի կողմից
  • Վահանավանքի Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1086-ին, վերաբերում է երկհարկանի եկեղեցիների տեսակին
  • Սուրբ Աստվածածին եկեղեցի Ոսկեպարում, 7-րդ դար
  • Այրիվանք, 4-13-րդ դդ, Կամոյի շրջան, կառուցված է Սևանա լճի ժայռոտ ափին
  • Սուրբ Քրիստափոր եկեղեցի, 7-րդ դար, Թալինի շրջան
  • Եկեղեցի Դդմաշեն գյուղում, 7-րդ դար, Սևանի տարածաշրջան
  • Մաքրավանք, 13-րդ դ, Հրազդանի տարածաշրջան
  • Թարգմանչաց վանք, Էջմիածնի շրջանի Այգեշատ գյուղում
  • Սուրբ Մարինե եկեղեցի, 13-րդ դ, Աշտարակ
  • Արտավազիկ եկեղեցի, 12-13-րդ դդ, Աշտարակի շրջան, գյուղ Բյուրական
  • Հաղարծնի վանք, 10-11-րդ դդ, Դիլիջան քաղաքի մոտակայքում
  • Զվարթնոց հնագիտական վայրի վերակառուցման մի քանի նախագիծ 1950-1960 թվականներին


Խրիմյան Հայրիկին նվիրված հուշարձան, Էջմիածնի Մայր տաճարի բակում, 1982
Քանդակագործ՝ Գետիկ Բաղդասարյան, ճարտարապետ՝ Հուլիոս (Յուլի) Թամանյան

Ստորև ներկայացված պատկերներն ու տեղեկությունները Հուլիոս  (Յուլի) Ալեքսանդի Թամանյանի հեղինակած գրքերից են՝

Ամբերդի (Վահրամաշեն) եկեղեցու վերանորոգումը

10-րդ դարում Արագած լեռան փեշերին հիմնադրված Ամբերդ ամրոցը կարևոր դեր է խաղացել հայերի օտարերկրյա զավթիչների դեմ պայքարում: Պալատից հարավ-արևելք, ամրոցի տարածքում, 1026-ին կառուցվել է եկեղեցի: Ամբերդի (Վահրամաշեն) եկեղեցին մեզ հասավ շատ ավերված վիճակում: Հուշարձանի վերականգնման նախագիծը (Յու. Թամանյան, 1970 ) նախատեսում էր երեսպատման մասնակի տեղադրում, նոր քարերի ավելացումով, ինչպես նաև ընկած քարերի տեղադրում և գմբեթի վերականգնում, առանց դրա ապամոնտաժման: (էջ 57) Ամբերդի եկեղեցին ուրիշ վերականգնման և վերանորոգման չէր ենթարկվել և մենք նախընտրեցինք պահպանել իսկությունը, առանց մեր «բարելավումները» կատարելու, նույնիսկ տանիքի սալիկների կառուցման գործում, չնայած դա հնարավոր էր անել առանց հուշարձանի գեղարվեստական և պատմական նշանակությունը վնասելու: (էջ 58)

Լուսանկարները վերանորոգումից առաջ և հետո՝

Գիրք՝ «Քարե Տարեգրության Վերականգնումը», Յուլի Թամանյան։  «Հայաստան» Հրատարակչություն, Երևան 1981

Ամբերդի  (Վահրամաշեն) եկեղեցի



Շատ հետաքրքիր տեսարաններ Ամբերդից

Սուրբ Սարգիս եկեղեցու վերանորոգումը

Սուրբ Սարգիս եկեղեցին գտնվում է Բջնի ամրոցից դեպի արևելք գտնվող ժայռոտ բլրի վրա: Այն կառուցվել է 7-րդ դարում և մեզ է հասել կիսավեր վիճակում: Վերանորոգման նախագիծը կազմվել է Յու. Թամանյանի և Շ. Ազատյանի կողմից 1969-ին, 1956-ի չափումների հիման վրա: Վերանորոգման աշխատանքները սկսվել են 1969-ին և ավարտվել 1970-ին:

Լուսանկարները վերանորոգումից առաջ և հետո՝


Գիրք՝ «Քարե Տարեգրության Վերականգնումը», Յուլի Թամանյան։  «Հայաստան» Հրատարակչություն, Երևան 1981

Սուրբ Սարգիս եկեղեցի

Արտավազդիկ (Արտավազիկ) եկեղեցու վերանորոգումը


Արտավազդիկ (Արտավազիկ) եկեղեցի 12-13-րդ դդ, Աշտարակի շրջան, Բյուրական գյուղ: Վերանորոգումը սկսվել է 1958-ին և ավարտվել 1959-ին:


Լուսանկարները վերանորոգումից առաջ և հետո՝

Գիրք՝ «Հուշարձաններին Նոր Կյանք», Յուլի Թամանյան։ Հայաստան» Հրատարակչություն, Երևան 1988

Արտավազդիկ (Արտավազիկ) եկեղեցի

Գնդեվանքի վերանորոգումը

Գնդեվանքը կառուցվել է 936-ին և զբաղեցնում է Արփա գետի կիրճի գեղատեսիլ անկյուններից մեկը, Ջերմուկ հանգստավայրից ոչ հեռու: Հուշարձանը մեզ հասավ շատ ավերված վիճակում: Վերանորոգման աշխատանքները սկսվել են 1963-ին: (էջ 55)

Լուսանկարները վերանորոգումից առաջ և հետո՝


Գիրք՝ «Քարե Տարեգրության Վերականգնումը», Յուլի Թամանյան։  «Հայաստան» Հրատարակչություն, Երևան 1981


Գնդեվանքը

Ալեքսանդր Գևորգի Թամանյան՝ Ալեքսանդր Թամանյանի թոռը


Ալեքսանդր Գևորգի Թամանյանը (1942-2005) մեծ հայրենասեր էր, ինչպես իր հայրը՝ Գևորգը և պապը՝ փայլուն ճարտարապետ ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը: Նրանց պես նա ազնիվ էր և ազնվական: Ովքեր գիտեին նրան, հիշում են, որ նա շատ խելացի, համարձակ, բարի ու համակրելի անձնավորություն էր, երեք երեխաների հայր, սիրված պապիկ և ճշմարիտ ընկեր:

Ալեքսանդր Գևորգի Թամանյան (1942-2005)


Ալեքսանդր Գևորգի Թամանյանը շատ տաղանդավոր և հայտնի ֆիզիկոս էր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, 75 գիտական աշխատությունների հեղինակ և համահեղինակ, 1965-ից՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, 1972-ից՝ հազվագյուտ ռադիոակտիվ տրոհումների ստորերկրյա լաբորատորիայի վարիչ։ Նա նույն ինստիտուտի լազերային լաբորատորիայի հիմնադիրն էր 1990 թվականների վերջին։ Ալեքսանդր Թամանյանը (կրտսերը) միշտ աշխատել է հանուն Հայաստանի բարօրությանը:

Ալեքսանդրը Արցախյան ազատամարտի հերոս էր (1991-1994): Նա ցուցաբերեց մեծ քաջություն և հերոսություն, կռվելով Ազատագրական բանակի առաջին շարքերում և պարգևատրվեց «Արիության» մեդալով և «Արծիվ-մահապարտ» հուշամեդալով:


Ալեքսանդր Թամանյանի թանգարանի հարցը

Ալեքսանդր Գևորգի Թամանյանը մեծ ջանքեր էր ներդրել, որ Երևանում գոյություն ունենա մեծանուն Ալեքսանդր Թամանյանի թանգարանը: Ինչպես գիտեք, մեծանուն մարդկանց մեծ մասն ունի տուն-թանգարաններ: Երևանում կան Եղիշե Չարենցի, Հովհաննես Թումանյանի, Մարտիրոս Սարյանի, Սերգեյ Փարաջանովի, Երվանդ Քոչարի և շատ ուրիշների տուն-թանգարաններ: Հայաստանում տուն-թանգարան ստեղծելու մեթոդները տարբեր են, բայց սովորաբար հայտնի մարդիկ ունեն տուն, որտեղ նրանք ապրել են և դա կարող է հետագայում թանգարան դառնալ: Մեկ այլ միջոցը՝ կառավարության հատուկ որոշմամբ:

Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կենդանության օրոք իշխանությունները ցանկացել են նրա համար տուն կառուցել և ճարտարապետը նույնիսկ նախագծել է այն: Իշխանությունը նաև միջոցներ հատկացրեց շինարարության համար, սակայն Ալեքսանդր Թամանյանը, լինելով մեծ հայրենասեր, ասաց, որ միջոցները ավելի անհրաժեշտ են Օպերայի շենքի համար: Նա շատ համեստ անձնավորություն էր և երբեք իր նկատմամբ հատուկ վերաբերմունք չէր սպասում: Նրա ութ հոգանոց ընտանիքը ապրում էր երկու սենյականոց փոքրիկ բնակարանում: Այդ ժամանակվանից մինչև այժմ Երևանում չկա մի տուն, որը կարող է դառնալ Ալեքսանդր Թամանյանի տուն-թանգարան:

Նախկին թանգարանը (2001-2016)

Մեծն Ալեքսանդր Թամանյանի որդիները՝ Գևորգը և Հուլիոսը, երկուսն էլ հայտնի ճարտարապետներ, կյանքից հեռացան և չտեսան իրենց հայրիկի համար թանգարանի երազանքի իրականացումը: Նրանք հեռացան այս աշխարհից, զգալով անարդարություն և անզորություն: Տասնամյակներ անց, հիմնականում Ալեքսանդր Գևորգի հսկայական ջանքերի շնորհիվ՝ Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց Երևանում բացել Ալեքսանդր Թամանյանի թանգարանը 2001-ին:

Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը գործել է 2001-2016 թվականներին: Ալեքսանդր Գևորգի Թամանյանը դարձավ թանգարանի առաջին տնօրենը և անխոնջ աշխատում էր իր հանճարեղ պապիկի նմուշները մարդկանց ներկայացնելու համար: Ալեքսանդր Գևորգի մահից հետո 2005-ին նրա որդին՝ ճարտարապետ Հայկ Թամանյանը ստանձնեց մեծ պատասխանատվություն, որպես թանգարան-ինստիտուտի տնօրեն և հաջողությամբ շարունակեց պահպանել և ներկայացնել Ալեքսանդր Թամանյանի հսկայական արխիվը մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի ուշադրությանը:

Սակայն 2016-ից Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը միացվել է ճարտարապետության ազգային թանգարանին, որը անվանեցին Ալ. Թամանյանի անվամբ: Այս որոշումը նշաշաակում է, որ ականավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը փակել են և այն այլևս Երևանում գոյություն չունի: Քանի որ Ալեքսանդր Թամանյանի արխիվային նյութերը բազմազան են և ծավալուն ճարտարապետության ազգային թանգարանը չի կարող տեղավորել և ցուցադրել Թամանյանի ժառանգությունը: Բացի այդ՝ Ալեքսանդր Թամանյանը, ինչպես հայ մշակույթի բոլոր մեծերը. բանաստեղծները, երաժիշտները, գրողները, նկարիչները, կոմպոզիտորները, դերասանները, արժանի է ունենալ իր անձնական թանգարան: Ալեքսանդր Թամանյանի հիշատակին պետք է հարգանքով մոտենալ։ Ալեքսանդր Թամանյանը միայն քաղաքաշինարար և ճարտարապետ չէր: Նա մեծ պետական գործիչ էր։ Ալեքսանդր Թամանյանի ստեղծագործությունները Երևանի խորհրդանիշներն են, մայրաքաղաքը պլանավորել է ինքը, և նպատակահարմար կլինի, որ կառավարությունը տրամադրի կամ կառուցի տուն-թանգարան Թամանյանի հիշատակը հավերժացնելու համար:

Ներկայումս Երևանում չկա Ալեքսանդր Թամանյանի թանգարան, և դա շատ անարդար է։


Գագիկ Յուլիի Թամանյան՝ Ալեքսանդր Թամանյանի թոռը

Գագիկ Յուլիի Թամանյան (ծ.1953)

Գագիկ Թամանյանը՝ Հուլիոս Թամանյանի ավագ որդին, Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ և մինչ կենսաթոշակի անցնելը հաջողությամբ աշխատել է Երևանի պետական համալսարանում, Ավստրալիայի Մելբուռնի և Մեծ Բրիտանիայի դպրոցներում:

Իր մեծանուն պապիկից Գագիկ Թամանյանը ժառանգել է մեծ սեր դասական երաժշտության ու երգելու հանդեպ և համայնքին ծառայելու կիրքը: Գագիկը 11 տարի շարունակ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի անդամ էր,  լեգենդար մաեստրո՝ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ:

Ավստրալիայի Մելբուռն քաղաք ներգաղթելուց հետո, Գագիկը կամավոր 9 տարի աշխատել է որպես «Զվարթնոց» հայկական եկեղեցական երգչախմբի դիրիժոր, իսկ իր կինը՝ Թաքուհի Թամանյանը (Վարդանյան) աջակցել է երգչախմբին որպես նվագակցող: Հայ համայնքին ծառայելը և համերգներ և միջոցառումներ կազմակերպելը եղել են Գագիկի կյանքի հսկայական մասը:

«Զվարթնոց» երգչախումբը մեծ հաջողությունների հասավ և պատիվ ունեցավ ելույթ ունենալ հենց ինքը` մեծանուն մաեստրո Հովհաննես Չեքիջյանի հետ, ում Գագիկը 2003-ին հատուք հրավիրել էր Մելբուռն` Երգչախմբի ամենամյա համերգի համար: Գագիկ Թամանյանը 7,5 տարի ղեկավարել է նաև Լոնգոնի Սուրբ Սարգիս եկեղեցու երգչախումբը:

Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտի փակումից 2016-ից ի վեր Գագիկը պայքարում է իր նշանավոր պապիկի թանգարանի վերաբացման և արդարության վերականգման համար: Նա գրում է բազմաթիվ հոդվածներ  մամուլի համար և ելույթ է ունենում Հայաստանի ռադիոյով և հեռուստատեսությամբ և դիմում է կառավարությանը, թանգարանը վերաբացելու նպատակով: Ընտանիքի և համայնքի աջակցությամբ Գագիկ Թամանյանը կոչ է անում ՀՀ կառավարությանը կառավարական որոշում կայացնել Ալեքսանդր Թամանյանի նոր թանգարան, տուն-թանգարան ստեղծելու համար: Դեռևս պատասխան չկա, բայց մենք հույս ունենք, որ կգա այն օրը, երբ մեծ Վարպետը, մեծ Մարդը և մեծ Հայրենասերը՝ Ալեքսանդր Թամանյանը հատուկ տուն-թանգարան կունենա:


Գագիկ Թամանյանի հետ կարելի է կապվել՛ infotamanian@gmail.com

Գայանե Գևորգի Թամանյան-Քարամյան՝ Ալեքսանդր Թամանյանի թոռնուհին


Գայանե Գևորգի Թամանյան (1944-2005)

Գայանե Գևորգի Թամանյանը՝ Ալեքսանդր Թամանյանի թոռնուհին էր, Գևորգ Թամանյանի դուստրը: Ոգեշնչված նրանց աշխատանքներով, նա գնաց իր հայրիկի և պապիկի հետքերով, ընտրելով ճարտարապետի մասնագիտությունը: Նա իր ամբողջ կյանքը նվիրեց ճարտարապետությանը: Գայանե Թամանյանը տաղանդավոր ճարտարապետ էր, 1969 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ամուսնությունից հետո Գայանե Թամանյանը աշխատել է Գայանե Քարամյան անվան տակ:

Խոշոր նախագծեր՝

  • Երևանի թիվ 1 Կառավարական տան վերակառուցում և հիմնանորոգում
  • Երևանի Ա. Խաչատրյանի անվան համերգասրահի հիմնանորոգում
  • Երևանի խորեոգրաֆիկ դպրոցի շենքի ընդլայնում
  • Երևանի Լենինյան թաղամասում հանրախանութի շենքի ընդլայնում
  • Ակումբ Սոսում

Գայանե Թամանյան-Քարամյանը բժիշկ Սամվել Կարապետի Քարամյանի սիրող կինն էր, երկու որդու սիրող մայրը և շատ սիրված տատիկը:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սրահը

Թատրոնի դահլիճի զարդարանքը

Ա. Խաչատրյանի անվան հոյակապ համերգասրահը


Թատրոնի հիանալի ինտերիեր


Թատրոնի կողմնային տեսարանը

Օպերայի և բալետի թատրոնի շքեղ ջահը

Email: infotamanian@gmail.com

Copyright © Zara Tamanian 2021.  All Rights Reserved.  Please link to this website and share a link: www.alexandertamanian.com