20-ՐԴ ԴԱՐԻ ՄԵԾԱՆՈՒՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ
ՀԱՅ ՆՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ
ՀԱՅ ՆՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ
Այս տարի մարտի 4-ին լրանում է Ալեքսանդր Թամանյանի ծննդյան
146-ամյակը։
Անանց է ճարտարապետության ակադեմիկոս Թամանյանի ժառանգության արժեքը:
Մեծանուն Թամանյանն ապրել է շատ բեղմնավոր ու իրադարձություններով լի կյանք, մեզ թողնելով
իր անկրկնելի նմուշները։
Մենք երախտապարտ ենք Վարպետին իր անձնուրաց աշխատանքի և
արժանավայել ապրած կյանքի համար:
Մենք ուրախ ենք ձեզ ներկայացնել հետևյալ բաժինները.
Ձեր հարմարության համար այս կայքը հասանելի է երեք լեզուներով՝ անգլերեն, ռուսերեն և հայերեն:
Հուսով ենք, որ դուք հետաքրքիր փաստեր կիմանաք ճարտարապետության ակադեմիկոս, հայ նոր ճարտարապետության հիմնադիր, Երևանի գլխավոր հատակագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանի կյանքի և գործունեության մասին:
Facebook: AlexanderTamanian
Instagram: AlexanderTamanian
(պատկերը մեծացնելու համար սեղմեք այն)
Ալեքսանդր Հովհաննեսի Թամանյանը անհավանական հաջողությունների հասավ Ռուսական կայսրությունում՝ 36 տարեկան հասակում դառնալով
Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիայի
ճարտարապետության ակադեմիկոս: Մոսկվայում իշխան Շչերբատովի տան նախագծի համար Թամանյանը 1914-ին ստացել է Ոսկե մեդալ: Նա Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիայի փոխնախագահն էր, Հայաստանի ժողովրդական ճարտարապետ, ՀԽՍՀ Գիտությունների ինստիտուտի ակադեմիկոս (1930):
Ալեքսանդր Թամանյանն իր սիրելի հայրենիքում, Հայաստանում հարստացրեց իր ստեղծագործությանը բնորոշ նեոկլասիցիզմը միջնադարյան հայկական ճարտարապետության ձևերով: Ստեղծելով իր ամենամեծ նմուշները՝ Ալեքսանդր Թամանյանը հիմք դրեց հայ նոր ճարտարապետությանը, որը հայտնի է որպես «Թամանյանական դպրոց»:
Մայրաքաղաք Երևանը իր հարմարավետ դասավորությամբ, Արարատ լեռան հիանալի տեսարանով պարտական է քաղաքի գլխավոր հատակագծի հեղինակ Թամանյանին: Թամանյանի Երևանի
հոյակապ
օպերայի և բալետի թատրոնը 1937-ին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է ոսկե մեդալի: Երևանի Կառավարական տան նախագծի համար Ալեքսանդր Թամանյանը 1942-ին հետմահու արժանացել է
ԽՍՍՀՄ Ստալինյան մրցանակի: Չնայած իր հսկայական հաջողությանը, Թամանյանը իր կյանքի ընթացքում մնաց շատ համեստ և ազնիվ մարդ:
Ալեքսանդր Թամանյանը իր կարճ 57 տարվա կյանքի ընթացքում կատարեց շատ կարևոր և մասշտաբային ստեղծագործական և հասարակական գործունեություն: Անգնահատելի է Նրա դերը և ավանդը նոր պատմական փուլ մտած Երևանի ճարտարապետության մեջ և ընդհանրապես հայ ճարտարապետության վերածննդի գործում:
Ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի թանգարանը գոյություն է ունեցել 2001-2016 թվականներին, մինչև այն միավորվեց ճարտարապետության ազգային թանգարանի հետ: Մենք գտնում ենք, որ այս որոշումը չափազանց անհարգալից է ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի պայծառ հիշատակի նկատմամբ: Թամանյանը վաստակել է անձնական թանգարան ունենալու իրավունքը:
Թամանյանի արխիվն անգին է և այն պետք է ներկայացվի մասնագիտացված թանգարանում: Բոլոր աշխատանքային նախագծերը, էսքիզները, հատակագծերը, անձնական գրառումները և իրերը մեծ հետաքրքրություն
կներկայացնեն
ճարտարապետների նոր սերունդների, հայ ժողովրդի և Հայաստանի արտասահմանցի հյուրերի համար: Այս կայքը չի կարող փոխարինել թանգարանը:
Մեծանուն փայլուն ճարտարապետ Թամանյանի և նրա ճարտարապետության մասին
գրվել
են
բազմաթիվ գրքեր և հոդվածներ, նկարահանվել են վավերագրական ֆիլմեր: Նրա անկրկնելի ճարտարապետական ժառանգությունը շարունակում է հպարտորեն զարդարել Երևանը և բազմաթիվ այլ քաղաքները:
Ալեքսանդր Թամանյանը (Թամանովը) ծնվել է 1878-ի մարտի 4-ին Ռուսաստանի կայսրության Եկատերինոդար (այժմ ՝ Կրասնոդար) քաղաքում հայ բանկային ծառայող Հովհաննես (Իվան) Միրոնովիչ Թամանյանցի (1838-1930) և նրա կնոջ՝ Մարիա Էմանուիլովնա Տերտերյանի
(1850-1925) մեծ ընտանիքում: Հովհաննես Միրոնի նախնիները Արևմտյան Հայաստանի Տրապիզոնից էին և փախել էին Ռուսաստան Oսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված ցեղասպանության պատճառով:
1898-ին Թամանյանը, փայլուն հանձնելով ընդունելության քննությունները, ընդունվեց Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիային կից Գեղարվեստի բարձրագույն ուսումնարանի ճարտարապետության ֆակուլտետ: Նա կրթություն ստացավ լեգենդար վարպետների կողմից՝ ակադեմիկոս Լեոնտի Նիկոլաևիչ Բենուա և ուրիշներից: Թամանյանը հանդիպեց այլ տաղանդավոր ուսանողների, ովքեր դարձան նրա ընկերները մինչև կյանքի վերջը և հայտնի են պատմության մեջ որպես մեծ արվեստագետներ՝ եղբայրներ Նիկոլայ և Եվգենի Լանսերե, Լյուդվիգ Շրեթեր, Վլադիմիր Շչուկո, Վասիլի Սոկոլով, Եվգենի Շրեթեր, Գեորգի Գինց: Ուսման ժամանակաշրջանում Թամանյանը մանրամասն ուսումնասիրեց տարբեր ոճերի նշանավոր շենքերը:
1902-ին ուսման տեսական առարկաներն ավարտելուց հետո, Թամանյանը նկարչության գործնական հմտություններ ստացավ Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, ճարտարապետ Ալեքսանդր Պոմերանցևի արվեստանոցում, որտեղ նախագծեց համերգասրահ՝ որպես իր դիպլոմաին աշխատանք:
Երիտասարդ Ա. Թամանյանը Ռուսաստանում, 1903
Ձախից աջ՝ ցմահ ընկերները Վլադիմիր Շչուկո, Վասիլի Սոկոլով, Նիկոլայ Լանսերե և Ալեքսանդր Թամանյան
Լինելով ճարտարապետության «ծագող աստղ», նա աշխատում էր ակադեմիկոս, պրոֆեսոր, ականավոր ուսուցիչ, ճարտարապետ Լեոնտի Նիկոլաևիչ Բենուայի ակադեմիային պատկանող արհեստանոցում։
1904-ին Գեղարվեստի բարձրագույն ուսումնարանի կողմից Թամանյանը ստացել է նկարիչ-ճարտարապետի որակավորում և ճարտարապետության, շինարարության և գեղարվեստի դպրոցներում աշխատելու իրավունք:
1906-1916 թթ. Թամանյանը նախագծեց և
կառուցեց ավելի քան 16 նշանավոր շենքեր, ինչպիսիք են՝
Ֆիրսանովայի առանձնատուն՝ Մոսկվայի Պրեչիստենկա (Կրոպոտկինսկայա) փողոց, տուն 32/1: Այժմ հայտնի շենքում են գտնվում №11 Վ.Ի. Մուրադելիի անվան մանկական երաժշտական դպրոցը և Վ.Ա. Սերովի անվան մանկական արվեստի դպրոցը
1907-ին մեծ ուշադրություն և հիացմունք առաջացրեց Թամանյանի «Café de France»
սրճարանի ներսույթների ձևավորումը Ֆրանսիական վերածննդի ոճով: Սրճարանը գտնվում էր Սանկտ Պետերբուրգի Նևսկի պողոտայի № 42 տանը, որը պատկանում էր Հայ Առաքելական եկեղեցուն:
Ա. Թամանյան՝ «Café de France», 1907
Թամանյանը աշխատել է Արվեստների ակադեմիայի արվեստանոցում՝ ճարտարապետության ակադեմիկոս, Ակադեմիայի ականավոր ուսուցիչ, պրոֆեսոր Լեոնտի Նիկոլաևիչ Բենուայի ղեկավարությամբ:
1908-ին մեծ
ակադեմիկոս, լեզվաբան ու հնագետ
Նիկողայոս Մառի խնդրանքով Ալեքսանդր Թամանյանը ստեղծել է մի քանի տարբերակներ Անի քաղաքի թանգարանի համար: Հայաստանի Անի քաղաքը երբեմնի հայկական հզոր թագավորության միջնադարյան մայրաքաղաքն էր: Ցավոք այս նախագիծը չիրականացվեց, բայց կարևոր դեր խաղաց, քանի որ այն ստեղծելիս Թամանյանը առաջին անգամ շփվեց իր նախնիների դարավոր հայկական մշակույթի հետ:
Ա. Թամանյան՝
Անի քաղաքամայրի թանգարանի էսքիզային տարբերակը, 1908
Ալեքսանդր Հովհաննեսի Թամանյանը 1910-ին նախագծեց իշխան Շչերբատովի տունը, Մոսկվայի Նովինսկի պողոտայի 11 հասցեում (այժմ՝ Չայկովսկու փողոց ): Այս շենքը 20-րդ դարի ռուսական նեոդասական ճարտարապետության ամենահիասքանչ շենքերից մեկն է:
Հաճախորդը՝ իշխան Սերգեյ Ալեքսանդրովիչ Շչերբատովը (1874-1962)՝ ռուս նկարիչ, կոլեկցիոներ և բարերար, որոշեց համատեղել իր առանձնատունն և եկամտաբեր տունը: Նախկինում նման բան չէր կառուցվել աշխարհում: Երիտասարդ ճարտարապետ Թամանյանը հաջողությամբ կատարեց այս հետաքրքիր պատվերը:
Իշխան Սերգեյ Շչերբատով (1874-1962)
Ա. Թամանյան՝
Շչերբատովի տան նախագիծը
Բոլոր բնակարանները շատ հարմարավետ էին, իսկ առանձնատան ինտերիերը կատարվել էր դասական պալատական ոճով՝ օգտագործելով քանդակագործներ Ա.Ա. Կուդինովի, Վ.Կուզնեցովի և նկարիչ Ի.Ի. Նիվինսկու աշխատանքները: Շենքի ճակատը զարդարել էր Եվգենի Լանսերեն՝ ռուս հայտնի գեղանկարիչ, քանդակագործ, խճանկարիչ, նկարազարդող: Իշխան Շչերբատովը իր հուշերում ներկայացնում է իր տունը՝ որպես «Մոսկվայի ճարտարապետական գանձարանի ներդրում»:
Իշխան Շչերբատովի տունը Մոսկվայում
Շենքը կառուցվել է 1913-ին, իսկ 1914 թ-ի մարտի 22-ին Մոսկվայի Քաղաքային խորհրդի ամենամյա լավագույն շենքի մրցույթում Շչերբատովի տունը պարգևատրվեց Ոսկե մեդալով՝ որպես ամենագեղեցիկը:
Շենքը կարելի է տեսնել այստեղ
Ա. Թամանյան և Ս. Շչերբատով (ծաղրանկար)
Իշխան Շչերբատովի առանձնատան ինտերիերը
Սպիտակ սրահը
Շենքի զարդարանքը
Գեղեցիկ մանրամասներ
Ալեքսանդր Թամանյանի հանճարեղ տաղանդի առաջին դրսևորումներից մեկը, Վասիլի Պետրովիչ Կոչուբեյի (հարուստ հողատեր, Արքունական արարողապետ) առանձնատան նախագծի իրականացումն էր: 1911-ին Վասիլի Կոչուբեյը կայսր Նիկոլայ II- ից ստացել է «ամենաբարձր թույլտվություն» Ցարսկոյե Սելոյում (նախկին կայսերական նստավայր, այժմ՝ քաղաք Պուշկին Պետերբուրգի մոտ): Այս գեղեցիկ առանձնատունը այսօր էլ հպարտորեն տեղակայված է Ռադիշչևա փողոցի 4 հասցեում, և այնտեղ գործում են հյուրանոցը և կրթական կենտրոնը:
Վասիլի Պետրովիչ Կոչուբեյ (1868-1940)
191-ին Ալեքսանդր Թամանյանը նախագծեց արիստոկրատ Կոչուբեյի առանձնատունը: 1913-ին Եվգենի Եվգենիևիչ Լանսերեն սկսեց աշխատել առանձնատան ներքին հարդարանքի վրա, ճարտարապետներ Վ.Ի. Ռոմանովի, Վ.Ի. Յակովլևի հետ և աշխատանքն ավարտվեց 1914-ին՝ չշեղվելով նախնական պլանից:
Ա. Թամանյան՝ Կոչուբեյի առանձնատան նախագիծը , 1911
Կոչուբեյի առանձնատունը կառուցված է նեոդասական պալատական ոճով և ունի
շատ էլեգանտ և հոյակապ ճակատներ և հարմարավետ, շքեղ ինտերիերներ՝ Սպիտակ
մարմարյա սրահ, Ոսկե սրահ (Երաժշտության սրահ),
Վարդագույն ճաշասենյակ, Որսասրահ, Կոչուբեյի հանդիսավոր
գրասենյակ: Առանձնակի հետաքրքրություն է առաջացնում գրասենյակի առատորեն
զարդարված անկյունային բուխարը, քանի որ Կոչուբեյ ընտանիքի պատմությունը
ծածկագրված է դրա զարդարանքում:
Գեղեցիկ ճակատ
Շքեղ ճեմասրահ: *** պատկերված կահույքն ու նկարները բնօրինակ չեն
Սպիտակ մարմարյա սրահ: *** կահույքի և նկարների մեծ մասը բնօրինակ չեն
Վասիլի Կոչուբեյի ընտանիքը տեղափոխվեց իր հոյակապ առանձնատուն 1913-ի աշնանը և 1914-ի հունվարին անցկացվեց շքեհ երեկո: Հյուրերը ուղղակի ապշած էին առանձնատանն եզակիությունից: Ալեքսանդր Թամանյանը ողջունելի հյուրերի թվում էր: Երախտապարտ Վասիլի Կոչուբեյը խնդրեց իր կնոջը՝ Վարվառա Վասիլիևնային հրավիրել երիտասարդ ճարտարապետին առաջին վալսին: Այդ երեկո Ալեքսանդր Թամանյանը գտնվում էր բարձր հասարակության ուշադրության կենտրոնում:
«Ոսկե Սրահ: ***կահույքի և նկարների մեծ մասը բնօրինակ չեն
Առանձնատունը դիմացել է 1917-ի ռուսական հեղափոխությանը, բայց Կոչուբեյի ամբողջ ընտանիքը արտագաղթեց Բելգիա: Վասիլի Պետրովիչը փակեց իր առանձնատունը, մուտքի դահլիճում թողեց բոլոր բանալիներն ու այս գրությունը. «Ստացել եմ Ռուսաստանից. Ռուսաստանին վերադարձնում եմ»: Առանձնատան ճակատագիրը հետևյալն էր. Այն ազգայնացվեց, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ առանձնատունը գրավեցին գերմանացիները, ովքեր քանդեցին դրա շքեղ ձևավորումը: Հետպատերազմյան շրջանում Կոչուբեյի առանձնատունը բազմիցս վերականգնվել է: Բարեբախտաբար, այս գեղեցիկ շենքը հիմա էլ դատարկ չէ:
Վարդագույն ճաշասենյակ: *** կահույքի և նկարների մեծ մասը բնօրինակ չեն
Գրասենյակի անկյունային բուխարը
Առանձնատան տեսքը
Շենքը կարելի է տեսնել այստեղ
1913-ին Ռոմանովների տոհմի գահակալության 300-ամյակի հոբելյանական տոնակատարության կապակցությամբ Ալեքսանդր Թամանյանը
ռեկորդային 2,5 ամսում
կառուցել է հեքիաթային փայտե գեղեցիկ տաղավարային համալիր Յարոսլավլ քաղաքում
գյուղատնտեսական
Ցուցահանդեսի համար: Այս համալիրը Թամանյանը ներկայացրել է որպես ռուսական փոքրիկ քաղաքի շուկայական հրապարակ, որը շրջապատված է փայտե փոքրիկ տներով, որոնց կառուցման ժամանակ մեծ վարպետությամբ օգտագործվել են ռուսական փայտյա ճարտարապետության ավանդույթները, որոնք բնորոշ են հատկապես
Յարոսլավլի, Կոստրոմայի, Կիժիի ժողովրդական ճարտարապետությանը: Համալիրի կառույցների վառ գույները նույնպես տոնական մթնոլորտ էին ստեղծում:
Ա. Թամանյան՝
Յարոսլավլի ցուցահանդեսի էսքիզները, 1913
Ա. Թամանյան՝ Յարոսլավլի ցուցահանդեսի էսքիզը, 1913
Ռուսաստանի կայսր՝ Նիկոլայ Ալեքսանդրովիչ Ռոմանովը և իր ընտանիքը 1913 թվականի մայիսի 15-ին Մոսկվայից մեկնեցին հոբելյանական շրջագայությանը, այցելելով Վլադիմիր, Սուզդալ, Բոգոլյուբովո, Նիժնի Նովգորոդ և Կոստրոմա քաղաքները։ Մայիսի 21-ին կայսր Նիկոլայ II-ը և նրա դուստրերը այցելեցին Յարոսլավլի գյուղատնտեսական ցուցահանդեսը:
Ճարտարապետ Թամանյանին ներկայացրեցին արքայական ընտանիքին, ինչպես տեսնում ենք ստորև ներկայացված լուսանկարում: Նիկոլայ II հիացած էր Թամանյանի նախագծած հեքիաթային փայտե գեղեցիկ քաղաքով:
Կայսր Նիկոլայ II-ը Յարոսլավլի ցուցահանդեսում, աջ կողմում՝ Ա. Թամանյանը սև զգեստով, 1913
Մենք հայտնաբերեցինք պատմական մի տեսանյութ
1913-ի մայիսի 21-ին
ցար Նիկոլայ II-ի Յարոսլավլ կատարած այցի մասին: Կարելի է դիտել
2:34 րոպեյից և նաև 6:07 րոպեյից: Տեսեք թե կարո՞ղ եք նկատել Ալեքսանդր Թամանյանին: Տեսանյութ
Ռուսաստանի կայսր Նիկոլայ Ալեքսանդրովիչ Ռոմանով
Յարոսլավլի թերթը այս իրադարձության մասին գրել էր հետևյալը. «Հոբելյանական ցուցահանդեսի շենքերը բոլոր մանրամասներով թողնում են հին ռուսական ոճի տպավորություն, ճարտարապետական գծերի և գույների ներդաշնակությունը ամբողջական է։ Նորին մեծությունը իր դուստրերի հետ միասին մոտ երկու ժամ սիրով ուսումնասիրեցին ցուցահանդեսի բոլոր բաժինները և նվերներ ստացան
ցուցահանդեսի բազմաթիվ մասնակիցների կողմից: Հատուկ զանգակատան զանգերի ղողանջների տակ կայսրական ընտանիքը ցուցահանդեսից մեկնեցին նավամատույց»:
Ա. Թամանյան՝ Յարոսլավլի ցուցահանդեսի նախագիծը, 1913
Ա. Թամանյան՝ Յարոսլավլի գյուղատնտեսական ցուցահանդեսային համալիր
Ցուցահանդեսի գլխավոր մուտքը
Յարոսլավլի ցուցահանդեսային համալիրի վերակառուցված մանրակերտը
Յարոսլավլի ցուցահանդեսային համալիրի վերակառուցված մանրակերտը
Յարոսլավլի ցուցահանդեսային համալիրի վերակառուցված մանրակերտը
Այս ցուցահանդեսը գեղարվեստական հասարակության կողմից հիացմունք առաջացրեց նաև ժողովրդական փայտե ճարտարապետության հին ռուսական ոճի վերականգնման կապակցությամբ:
Ի դեպ, «Ստենկա Ռազին» ֆիլմը նկարահանվել է Յարոսլավլի շրջակայքում և այս հոյակապ դեկորացիայում: Ցավոք, այս համալիրը չի պահպանվել մինչև մեր օրերը: Ավելի քան չորս ամիս հաջողությամբ աշխատելուց հետո այս ցուցահանդեսային համալիրը երեք հազար ռուբլով վաճառվեց առևտրական Լիբկենին, ով չպահեց գործարքի պայմանները և ապամոնտաժեց շենքերը:
Յարոսլավլի ցուցահանդեսային համալիրի վերակառուցված մանրակերտը
«Մոսկվա-Կազան երկաթուղային ընկերության նախագահ Նիկոլայ Կառլովիչ ֆոն Մեկկը որոշեց իր աշխատակիցների համար նոր գյուղ կառուցել Մոսկվայի մարզի Պրոզորովսկայա կայարանում (այժմ՝ Կրատովո) 1910-1914 թվականներին: Այս գործը նա պատվիրեց հայտնի ճարտարապետներին և քաղաքաշինության ինժեներներին՝ Վլադիմիր Սեմյոնովին, Ալեքսեյ Շչուսևին, Ալեքսանդր Իվանիցկին, Նիկոլայ Բունիաթովին (Բունիաթյանին, ով 1924-ին դարձավ Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ) և Ալեքսանդր Թամանյանին: Գյուղը նախատեսված էր որպես քաղաք-պարտեզ՝ 25-50 առանձնատներով 300 բնակչի համար, հիմնականում 1-2 հարկանի տներ՝ մասնավոր բակերով, և հիվանդանոցային համալիր: Քաղաք-պարտեզը մասամբ կառուցվեց, քանի որ շուտով բռնկվեց Առաջին համաշխարհային պատերազմը (1915-1918), որն ընդհատեց գրեթե բոլոր ստեղծագործական ծրագրերը:
Տուբերկուլյոզով հիվանդների առողջարանը Ժուկովսկի քաղաքում
Թամանյանը նաև նախագծեց երկաթբետոնե կամուրջ Կրատովոյի լճակի վրա, որը կառուցվել է 1912-1914 թվականներին: 1999-ին այն փոխարինվեց նույն դիզայնի մարմարե տարբերակով: Կամուրջը տոնական գյուղի խորհրդանիշն է և պատկերված է նրա զինանշանի և դրոշի վրա։
Կամուրջ, Կրատովո
1916-ին Ալեքսանդր Թամանյանը նախագծեց և կառուցեց կենտրոնական արհեստանոցներ Մոսկվա-Կազան երկաթուղային ընկերության համար
Լյուբերցի քաղաքում: Թամանյանը նախագծել է նաև «Մոսկվա-Կազան» երկաթուղային ընկերության շենքի ներքին հարդարանքը՝ նկարիչներ Ա.Ն. Բենուայի և Է.Է. Լանսերեի մասնակցությամբ: 1910-1914 թվականներին Ալեքսանդր Թամանյանի հետ միասին նրա տանը աշխատել են 6-8 ճարտարապետներ: Ալեքսանդր Թամանյանի ամբողջ գործունեության ընթացքում ամեն ինչ գծված ու մշակված էր ձեռքով, քանի որ համակարգիչներ դեռ չկային:
Մոսկվա-Կազան երկաթուղու խորհրդի նիստերի դահլիճի նախագիծ
Ճարտարապետության մեջ շատ բեղմնավոր և հաջող տարիներից հետո Ռուսաստանում «գեղարվեստական ոլորտում» համբավ ձեռք բերելով՝ Ալեքսանդր Թամանյանին բարձր մրցանակ առաջադրեցին Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոսներ Ալեքսանդր Բենուան, Ֆ. Բերենշտամը և Ա. Շչուսևը: 1914-ի հոկտեմբերի 27-ին Թամանյանին շնորհվեց ճարտարապետության ակադեմիկոսի կոչում: Նա ընդամենը 36 տարեկան էր:
Ալեքսանդր Հովհաննեսի Թամանյանը արվեստի և շինարարության բոլոր նախագծերի հետ զուգահեռ ակտիվորեն մասնակցում էր Ռուսաստանի հասարակական կյանքին: Նա եղել էր
ճարտարապետ-նկարիչների ընկերության անդամ, որը ստեղծվել էր
1903-ին Արվեստի ակադեմիայի ճարտարապետ-ուսանողների, շրջանավարտների և ուսուցիչների նախաձեռնությամբ: Նա ճարտարապետ-նկարիչների միության անդամ էր, կազմակերպում և խմբագրում էր Միության շաբաթաթերթը և տարեգիրքը, ղեկավարում էր մրցույթների զարգացման և կազմակերպման կոմիտեն, «Արվեստի աշխարհ» -ի միության անդամ էր և մասնակցում էր այս
միության
ամսագրի հրատարակմանը: Թամանյանը ակտիվորեն կազմակերպում էր ցուցահանդեսներ
և ցուցադրում էր նաև իր աշխատանքները: 1913-ից ճարտարապետ Վ.Ա. Շչուկոյի հրավերով նա դասավանդում էր Ելիզավետա Ֆեդորովնա Բագաևայի բարձրագույն ճարտարապետական գիտելիքների կանանց դասընթացներին:
«Արվեստի աշխարհ» միություն, Ա.Թամանյանը կանգնած է ձեռքերը խաչած տղամարդու ետևում
Ա. Թամանյանը դասավանդել է Ե.Ֆ. Բագաևա կանանց ճարտարապետության դասընթացներին
1916-ին Թամանյանը նշանակվեց Նորին մեծության կանցլերի տեխնիկական հանձնաժողովի անդամ: Այս կոմիտեն հոգ էր տանում թագավորական պալատների ու նստավայրերի հանդեպ: Թամանյանի նշանակումը ողջունվեց Սանկտ Պետերբուրգի գեղարվեստական հասարակության կողմից, քանի որ հնագույն ճարտարապետական հուշարձանների պահպանությամբ պետք է զբաղվի միայն բարձր հեղինակություն ունեցող, բանիմաց և փորձառու նկարիչը:
1917-ի փետրվարին Ռուսաստանում տեղի ունեցավ Փետրվարյան հեղափոխությունը, որը տապալեց միապետությունը և այն փոխարինեց ժամանակավոր կառավարությամբ: Այս կառավարությունը ընկալվեց որպես Ռուսաստանում մշտական ժողովրդավարական խորհրդարանական համակարգի ստեղծման միջանկյալ փուլ: Այս տագնապալի ժամանակաշրջանում՝ 1917-ի մարտին, Ռուսաստանի նկարիչները որոշեցին միավորվել՝ նպատակ ունենալով վերակազմավորել երկրի գեղարվեստական կյանքը: Ճարտարապետ-նկարիչների ընկերության նախաձեռնությամբ ստեղծվեց Նկարիչների ընդհանուր միությունը: Հանդիպումները տեղի էին ունենում Արվեստների ակադեմիայում: Ալեքսանդր Թամանյանը ընտրվեց այս միության կոմիտեի ղեկավար՝ իրավունք ունենալով խոսելու արվեստի բոլոր աշխատողների անունից: Միության անդամների թվում էին կոմպոզիտոր Ալեքսանդր Գլազունովը, նկարիչ Իլյա Ռեպինը, օպերային երգիչ Ֆյոդոր Շալյապինը, գրող Մաքսիմ Գորկին, ճարտարապետության ակադեմիկոսներ Լեոնտի Բենուան, Ալեքսեյ Շչուսևը, Վլադիմիր Շչուկոն և շատ ուրիշները:
1917-ի ապրիլի 29-ին Ալեքսանդր Թամանյանը
ժամանակավոր կառավարության կողմից ընտրվեց Գեղարվեստի ակադեմիայի
փոխնախագահ: Նա սկսեց վերակազմակերպել Ակադեմիան և նրա ուսումնական
հաստատությունները: Մինչ ամբողջ Ռուսաստանից ահազանգող լուրեր էին
հասնում լքված կալվածքներից և պալատներից՝ գանձերի, նկարների, քանդակների և
հնաոճ իրերի գողության և ոչնչացման մասին, Արվեստի կոմիտեն ուղարկում էր
իր ներկայացուցիչներին՝ բոլոր տեղական իշխանություններին կրթություն
մատուցելու արվեստի հուշարձանների պատմական և մշակույթային նշանակության
վերաբերյալ այդ անգին գանձերը փրկելու մտադրությամբ:
1917-ի սեպտեմբերին Թամանյանը իր կնոջը՝ Կամիլլա
Մատվեևնային, երեխաների հետ միասին ուղարկեց Կրասնոդարի երկրամասի Սև ծովի
ափին գտնվող Անապա քաղաքը:
Անապայում նույնպես անհանգիստ իրավիճակ էր, սնունդը քիչ էր։
Ինքը՝ ակադեմիկոսը, շարունակում էր
ապրել ու աշխատել Սանկտ Պետերբուրգում:
Ա. Թամանյանի դիմանկարը: Ա. Յակովլև, Պետերբուրգ, 1917
1918-ի մարտին՝ Գերմանիայի հետ դաժան խաղաղության պայմանագիր կնքելուց հետո, Ռուսաստանը ներքաշվեց քաղաքացիական պատերազմի մեջ մինչև 1923-ը: 1918-ի հուլիսի 17-ին, երբ հակաբոլշևիկները մոտեցան Եկատերինբուրգին, բոլշևիկների կողմից գնդակահարվեցին կայսր Նիկոլայ II և նրա ընտանիքը: Բոլշևիկները Ռուսաստանում ստեղծեցին խորհրդային կոմունիստական կառավարություն:
1916-1918 թվականներին Ալեքսանդր
Թամանյանը ներգրավված էր թատերական ներկայացումների ձևավորման մեջ և
համագործակցում էր ականավոր մշակութային գործիչների հետ: 1918-ին դերասան
Յուրի Յուրևի «Ողբերգություն» թատրոնի համար նկարիչ Մ. Դոբուժինսկու,
դեկորատոր Օ.Ալեգրիի և ռեժիսոր Ա. Գրանովսկու հետ միասին Ալեքսանդր
Թամանյանը նախագծեց Շեքսպիրի «Մակբեթ» ողբերգության բեմադրությունը, որը
հաջողությամբ ներկայացվեց
Չինիսելլի կրկեսի շենքում:
Ալեքսանդր Թամանյանը նախագծեց Շեքսպիրի «Մակբեթ» ողբերգության բեմադրությունը
Մեր ընտրությունը կանգ առավ ակադեմիկոս Ալեքսանդր Իվանովիչ Թամանովի (Թամանյանի) վրա՝ ականավոր ճարտարապետ, ով հետագայում շատ բան արեց Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երևանի կառուցման գործում։ Թամանովը, բացի իր ակնառու տաղանդից, չափազանց հմայիչ անձնավորություն էր և վայելում էր ոչ միայն մեծ հեղինակություն գեղարվեստական աշխարհում, այլև բացառիկ սեր ու վստահություն։ Այդ իսկ պատճառով նա Արվեստի ակադեմիայում մեր հանդիպումների մշտական նախագահն էր»։Ռուս դրամատիկ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1939), Պետական մրցանակի դափնեկիր (1943)՝ Յուրի Յուրևի (1872-1948) գրություններից: Ռուսերենից թարգմանել է Զարուհի Թամանյանը։
1918-ին, համագործակցելով ռեժիսոր Ա. Ալեքսեև-Յակովլևի հետ, Թամանյանը ստեղծեց մասսայական ժողովրդական թատրոնի էսքիզներ:
1919-ին ակադեմիկոս Ալեքսանդր Իվանովիչ Թամանյանը մեկնում է Անապա՝ իր ընտանիքին միանալու համար:
Դարեր շարունակ քրիստոնյա Արևմտյան Հայաստանը գտնվում էր Օսմանյան կայսրության տիրապետության տակ: 1913-ին Թուրքիայում իշխանության եկան երիտթուրքերը, ովքեր 1915-ին իրականացրեցին հայ ժողովրդի ցեղասպանությունը: Ավելի քան 1,5 միլիոն հայեր, 1 միլիոն հույներ և 800,000 ասորիներ սպանվեցին տարբեր դաժան ձևերով: Հրաշքով ողջ մնացած հայերը ցրվեցին աշխարհով մեկ, շատերը հասան Ռուսաստանի կայսրություն և Արևելյան Հայաստան:
Արևելյան Հայաստանը պայքարեց Օսմանյան կայսրության բազմաթիվ արշավանքների դեմ և հաղթեց Սարդարապատի ճակատամարտում, որը տեղի է ունեցել 1918-նի մայիսի 21-29-ը (Սարդարապատը գտնվում է մայրաքաղաք Երևանից 40 կմ հեռավորության վրա): 1918-ի մայիսի 28-ին Հայ ազգային խորհուրդը հռչակեց Հայաստանի անկախությունը: Ռուսաստանից և աշխարհի տարբեր կողմերից հայերը շտապեցին դեպի անկախ Հայաստան, վերականգնելու իրենց հայրենիքը:
1918-նի հուլիսին Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը նախագծեցին Հայաստանի առաջին հանրապետության զինանշանը: Ի տարբերություն ներկա զինանշանի՝ այս տարբերակում խորհրդանիշները տեղադրվել էին մի փոքր այլ կարգով, արծիվն ու առյուծը ավելի սպառնալի տեսք ունեին, իսկ Նոյյան տապանը բացակայում էր:
Հայաստանի զինանշան: Հեղինակներ Ա. Թամանյան և նկարիչ Հ. Կոջոյան, 1918
Հայաստանի ներկա զինանշանը ընդունվել է 1992-ի ապրիլի 19-ին
1919-ին Ալեքսանդր Թամանյանը իր սրտի կանչով տեղափոխվեց Հայաստան՝ իր գիտելիքներն ու փորձը կիրառելու Հայրենիքի վերականգնման գործում և իրականացնելու իր երազանքը` ապրել և արարել իր հայրենի հողի վրա: Թամանյանը նշանակվում է Հայաստանի գլխավոր ճարտարապետ և անցնում բուռն աշխատանքի Երևանում: Երկրի համար շատ դժվար ժամանակաշրջան էր, գրեթե ոչինչ չէր կառուցվում: Ունենալով լայնածավալ շինարարական ծրագրեր՝ Թամանյանը ուսումնասիրում է տեղական շինանյութերը, հատկապես քարերը և նոր քարհանքերի զարգացման հնարավորությունը:
Հայաստանում իր առաջին օրերից Թամանյանը մանրակրկիտ ուսումնասիրում է ճարտարապետական հուշարձանները և
կազմակերպում է դրանց պահպանությունը: 1919-ի հոկտեմբերին,
կառավարության կողմից հատուկ վկայական ստանալով, Թամանյանը այցելեց Անի
քաղաք, Ապարան, բարձրացավ Արագած լեռան արևելյան կիրճով դեպի ջրվեժը և
այցելեց Հայաստանի այլ վայրեր՝ հնագույն ճարտարապետությունը
ուսումնասիրելու համար:
1920 թվականների սկզբին Երևանը փոշոտ գավառական քաղաք էր պատերազմից անմիջապես հետո՝ աղքատություն, հիվանդություններ, սով
Խորհրդային Հայաստանում աշխատանքի առաջին օրերից, Ալեքսանդր Թամանյանը նշանակվում է Ժողովրդական կոմիսարների խորհրդի ճարտարապետական և տեխնիկական գործերի խորհրդական, ղեկավարող պաշտոններ է զբաղեցնում Ժողովրդական տնտեսության խորհրդում և Պետպլանավորման կոմիտեում: Թամանյանը ստիպված էր զբաղվել տեխնիկական և շինարարական բոլոր հարցերով՝ որոնցից շատերը կապված չէին ճարտարապետության հետ, բայց պահանջում էին շատ ժամանակ և ուշադրություն: 1926-ից ի վեր, աստիճանաբար ազատվելով այդ պաշտոններից, Թամանյանը իր ուշադրությունը կենտրոնացրեց նախագծային աշխատանքների վրա՝ Հայաստանի առաջին ճարտարապետական արվեստանոցում, որը նա կազմակերպեց:
1923-ին ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի
նախաձեռնությամբ Հայաստանի կառավարությունը ստեղծեց Հայկական հնությունների
պահպանության հատուկ կոմիտե։ Այս կոմիտեն իրականացրել է Հայաստանի բոլոր
արժեքավոր օբյեկտների գրանցումը։ Հայկական տեսարժան վայրերի առաջին ցանկը,
ներառյալ հնագիտական և ճարտարապետական ժառանգության շուրջ 80 օբյեկտ,
ստեղծվել է 1920 թվականների վերջին։ Պետական ժառանգության նոր ցանկը
ստեղծվել է 1930 թվականներին։ Ալեքսանդր Թամանյանը որպես այս կոմիտեի նախագահ, լրջորեն էր վերաբերվում հին
ճարտարապետական հուշարձանների պահպանության գործին: Այս կարևոր աշխատանքը
հեշտացնելու համար Հայաստանը
բաժանվեց
10 հնագիտական շրջանների:
Ալեքսանդր
Թամանյանը պահպանեց
Հայկական հնությունների
պահպանության
կոմիտեի նախագահի պաշտոնը մինչ իր մահը 1936-ին:
Հայաստանի ճարտարապետների միությունը ստեղծվել է 1932-ին Երևանում և նպատակն է նպաստել հայկական ճարտարապետության զարգացմանը։
Ա. Թամանյանը և շինարարը Երերույքի տաճարի վերակառուցման ժամանակ, 1928
Առաջին համաշխարհային պատերազմից առաջ (1915) Հայաստանում շահագործվում էին ինը փոքր հիդրոէլեկտրակայաններ:
1923-ին որոշում կայացվեց կառուցել Երևանի առաջին հզոր հիդրոէլեկտրակայանը, որն այդ ժամանակ Խորհրդային Միությունում կառուցվող առաջին խոշոր էլեկտրակայաններից մեկն էր: Բազմաթիվ դժվարություններ կային, քանի որ անհրաժեշտ նյութեր և սարքավորումներ արտադրող գործարանները բացակայում էին, բայց մասնագետները
հաղթահարեցին
բոլոր խնդիրները:
Ալեքսանդր Թամանյանի նախագծով Երևանում կառուցվեց հիդրոէլեկտրակայանի շենքը, որը գտնվում էր Հրազդան գետի գեղատեսիլ հատվածում: Շենքը կառուցված է կոպիտ սրբատաշ բազալտից, մեծ կամարակապ բացվածքներով և խիստ մոնումենտալ ճակատով, որը ներդաշնակ էր շրջակա լանդշաֆտին: Կողքի ժայռի տակ, նույն ոճով կառուցվել էր տրանսֆորմատորային ենթակայան:
Երևանի Հէկ-1-ի կառուցման ժամանակ: Աջ կողմում՝ վերևում, կանգնած է Ա. Թամանյանը (մորուքով, սև զգեստով և գլխարկ-շլյապայով)
Երևանի Հէկ-1 հարավ-արևելքից
Հիդրոկայանի ճարտարապետական կառույցների ընդհանուր կոմպոզիցիայի մեջ ես փորձել եմ օգտագործել հայկական հին ճարտարապետության մեթոդներն ու տեղական շինանյութերը։ Շենքերի ծավալների ու դրանց ճակատների հարթությունների և կիրճի բազալտային լանջերի հետ կոմպոզիցիոն կապ ստեղծելու անհրաժեշտությունը թելադրում էին պարզ ձևեր ու քարի կոպիտ մշակում։ Կառույցի հարստացնող տարրերն էին էլեկտրական ժամացույցով աշտարակը, կղմինդրե կտուրը, հոսող ջուրն ու առատ կանաչը»:Ա. Թամանյան
Այս համալիրը արդյունաբերական շինարարության մեջ
հայկական ճարտարապետության հին ձևերի ստեղծագործական օգտագործման օրինակ է:
Այս համալիրի շարունակությունը Այղր լճի ջրի պոմպակայանն էր, որը ոռոգում
էր մեծ տարածքներ այգիներով և բանջարանոցներով:
1924-ին Երևանի էլեկտրակայանի բացումը համապետական տոն էր: Մարդիկ դուրս էին եկել փողոց և անհամբեր սպասում էին դրա գործարկմանը: Երբ փողոցներն ու տները լուսավորվեցին պայծառ լույսով, մարդկանց ուրախությունը անչափ էր: Մենք գիտենք, թե ինչպես է հզոր էլեկտրաէներգիան փոխել է մարդկանց ապրելակերպը: Հիդրոէլեկտրակայաններ կառուցվել են նաև այլ քաղաքներում: Դա հսկայական առաջընթաց էր Հայաստանի զարգացման գործում:
Այղր լճի ջրի պոմպակայանը, որը գտնվում է Արարատյան դաշտում
Տրանսֆորմատորային ենթակայանը այս օրերին: Լուսանկարը՝ ճարտարապետ Պավել Ջանգիրով
Ճարտարապետ Պավել Ջանգիրովի
հոդվածից՝
«Հեք շենքը՝ տրանսֆորմատորային ենթակայանի հետ միասին, շատ ներդաշնակ տեսք
ուներ Հրազդանի կիրճի բնապատկերի ֆոնին։ Մատիրոս Սարյանը «Խորհրդային
Հայաստան» թերթում հիացական էր արտահայտվել Թամանյանի նախագծի մասին, որը
նրա կարծիքով «ստվերել է հին Երևանի բոլոր շեքները ու դարձել քաղաքի
բնակիչների համար ուխտագնացության վայր տոն օրերին»։
(հոդվածը
կարող եք կարդալ այստեղ)
Երևանի
առաջին հիդրոէլեկտրակայանը այս օրերին: Լուսանկարը՝ ճարտարապետ Պավել Ջանգիրով
Հանրապետության ճարտարապետության զարգացման գործի համար, 1926-ին Ալեքսանդր Թամանյանին շնորհվել է ՀԽՍՀ Ժողովրդական ճարտարապետի կոչումը:
Երևանը աշխարհի ամենահին քաղաքներից մեկն է:
Վանի
(Ուրարտու)
թագավորության արքա Արգիշտի Ա-ն իր տիրակալության 5-րդ տարում` մ.թ.ա. 782-ին, հիմնադրում է Էրեբունի ամրոց-քաղաքը՝ ներկայիս Երևանը: Երևանը 29 տարով Հռոմից մեծ է: Ալեքսանդր Թամանյանի ստեղծագործական տաղանդը արտահայտվեց նաև քաղաքաշինության մեջ: Դեռ 1919-ին Ալեքսանդր Թամանյանը սկսեց մշակել Երևանի գլխավոր հատակագիծը: 1924-ի ապրիլի 3-ին Ժողովրդական կոմիսարների խորհուրդը հաստատեց Թամանյանի Երևան քաղաքի վերակառուցման և զարգացման հատակագիծը:
Երևանը դարձավ Խորհրդային Միության առաջին քաղաքը, որի համար մշակվեց վերակառուցման ընդհանուր նախագիծ: Նախագիծը նախատեսված էր 150 հազար բնակչի համար: Այս ցուցանիշը վերանայվեց շատ անգամ, երբ արդյունաբերությունը սկսեց արագ զարգանալ և երկրի բնակչությունը սկսեց արագ աճել: Հատակագծի առաջին հաստատման օրից մինչև իր կյանքի վերջը Թամանյանը չի դադարեցրել իր աշխատանքը այն բարելավելու և վերանայելու ուղղությամբ:
Հաշվի առնելով Երևանի մայրցամաքային, շատ շոգ և չոր կլիման, Ալեքսանդր Թամանյանը այն նախագծեց որպես «Քաղաք-պարտեզ (քաղաք-այգի)»՝ բազմաթիվ կանաչ տարածքներով: Նա ճշգրիտ չէր հետևել
հայտնի
տնտեսագետ Էբենիզեր Հովարդի սկզբունքներին, որոնք օգտագործվում էին Եվրոպայում, որտեղ կանաչ տարածքները պարզապես խոշորացված տնային հողատարածքներ էին: Թամանյանի դասավորությունը ներառում էր հասարակական զբոսայգիներ, բուլվարներ և կանաչ տարածքներ փողոցների մայթերի երկայնքով: Այսպիսով, Երևանի փողոցների լայնությունը ավելացվեց հյուսիսային քաղաքների համար ընդունված նորմայի համեմատ 3-10 մետրով: Երևանի
պլանավորման ժամանակ Ալեքսանդր Թամանյանը կիրառեց փողոցների ճառագայթային ցանց, որը դյուրացրեց տրանսպորտային կապերը ծայրամասի երկայնքով՝ շրջանցելով կենտրոնը և ստեղծելով ծայրամասի ամենակարճ կապը կենտրոնի հետ:
Ա. Թամանյանը ստեղծեց Երևան մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը
Ըստ Թամանյանի հատակագծի, քաղաքը
բաժանվում է մի քանի շրջանի: Քաղաքի կենտրոնում Թամանյանը տեղադրեց վարչական
շրջանը, որտեղ պետական
շենքերը (Կառավարական
տուն և այն), դասավորված են Լենինի անվան նոր օվալաձև հրապարակի շուրջ (այժմ՝Հանրապետության հրապարակ):
Ա. Թամանյան՝ Լենինի (Հանրապետության) հրապարակի կառուցապատման մի տարբերակի հատակագիծ, 1929
Մոտակայքում, հարավ-արևմուտք ուղղությամբ, Թամանյանը տեղադրեց առևտրի շրջանը, առևտրային բնույթի շենքերով շուկայի հրապարակի շուրջ: Շուկայի հրապարակից ոչ հեռու, հարավ-արևելյան ուղղությամբ, Թամանյանը տեղադրեց արդյունաբերական շրջանը, երկաթուղային գծերի մոտ և այնպես, որ քամին փոշին և մուրը տանի քաղաքից դուրս: Թամանյանը համալսարանական թաղամասը տեղակայեց քաղաքի հյուսիս-արևելքում: Համալսարանը նախագծվեց որպես առանձին շենքեր խմբավորված ըստ տարբեր բաժինների: Նշանակալից բաժիններից մեկը Բժշկական ֆակուլտետն էր կլինիկական հիվանդանոցով: Քաղաքի կենտրոնից ոչ հեռու հյուսիսային ուղղությամբ, Թամանյանը տեղադրեց նոր թատերական հրապարակ՝ Ժողովրդական Տուն թատրոնով, կոնսերվատորիայով և արվեստի դպրոցով: Քաղաքի բարձրադիր սարահարթի վրա Երևաի հյուսիսարևմտյան մասում, Թամանյանը մարզադաշտ տեղադրեց: Քաղաքի արևմտյան մասում Կոնդ բլրի վրա Թամանյանը տեղադրեց Թանգարանային շրջանը՝ Պետական թանգարանի ութ շենքերով դասավորված հրապարակի շուրջ: Ենթադրվում էր, որ բլրի լանջի երկայնքով լայն սանդուղք պետք է տաներ դեպի քաղաքի գլխավոր պողոտա: Ալեքսանդր Թամանյանը հոգ է տարել քաղաքի կլիմայի և բնակիչների առողջության մասին, պլանավորելով շրջանային այգու տարածքը քաղաքի շուրջ՝ շատրվաններով, լողավազաններով և խաղահրապարակներով երեխաների համար: Առողջարանները տեղակայված էին Հրազդան գետի քամուց պաշտպանված ձախ ափին: Քաղաքի լավ մտածված դասավորությունը բացում էր Մասիս (Արարատ) լեռան գեղատեսիլ տեսարանը:
Ա. Թամանյան՝
Երևան մայրաքաղաքի գլխավոր հատակագիծ, 1932
Թամանյանի կողմից 1927-ին պլանավորված թանգարանային համալիրն ի սկզբանե ստեղծվել էր, որ միացնի քաղաքի կենտրոնային և հյուսիսային թաղամասերը հսկայական կանաչ տարածքի հետ, գտնվող քաղաքի ամենաբարձր կետերից մեկում, Կոնդում և որ այնտեղից ջրվեժները և այգիները կասկադով իջնեն քաղաք: Այս նախագիծը հիմնականում մոռացության մատնվեց՝ մինչև 1970 թվականների վերջին Երևանի գլխավոր ճարտարապետը Ջիմ Թորոսյանը այն նոր շունչ տվեց բազմաթիվ նոր գաղափարներով: Կասկադի թանգարանում այժմ գործում է Գաֆեսճյան արվեստի կենտրոնը:
Երևանի հատակագիծը մշակելիս Թամանյանը այն վերանայել է 1932-ին՝ 180 000, 1934-ին՝ 250 000 և 1935-ին՝ 250 000-500 000 բնակչության համար, ներառյալ Քանաքեռի սարահարթի և Հրազդան գետի աջ ափի զարգացումը, որը ցույց է տրված հատակագծի նախորդ տարբերակներում՝ որպես պահուստային տարածքներ:
Մի յուրահատուկ կոլորիտով, բայց շատ անհրապույր և գավառական հին քաղաք Երևանի տեղում Ալեքսանդր Թամանյանը ստեղծում էր օրիգինալ, գեղեցիկ, հարմարավետ Երևան՝ արդյունաբերական և մշակութային խոշոր կենտրոն, Հայաստանի ժամանակակից մայրաքաղաքը: Կային մարդիկ որ դա չէին հասկանում: 1927-1928 թվականներին մամուլում և հանրային հանրահավաքներում հարձակումները Երևանի հատակագծի վերաբերյալ Թամանյանին մեծ հոգեկան ցավ պատճառեցին և ազդեցին նրա առողջության վրա, բայց ամեն անգամ նա հաջողությամբ ապացուցում էր իր հատակագծի ճիշտ և անհրաժեշտ լինելը:
Երևան քաղաքը անվանում են «վարդագույն քաղաք», քանի որ շինությունների մեծամասնությունը կառուցված են բնորոշ կրեմի և վարդագույն երանգների եզակի հրաբխային քարից: Ալեքսանդր Թամանյանը ընտրեց «տուֆ» կոչվող այս քարը, որը առատորեն հանդիպում է Հայաստանում և հազվադեպ՝ տարածաշրջանից դուրս: Երևանն այս քարից կառուցված միակ խոշոր քաղաքն է: Թամանյանի մահից հետո գլխավոր հատակագծի հիմնական սկզբունքները խեղաթյուրվեցին: ժամանակն էր այդպիսին:
Թամանյանը ստեղծեց
նաև
Հայաստանի այլ քաղաքների հատակագծերը, որոնք մեծ մասամբ չեն իրականացվել՝ Լենինականի (Գյումրի), Վաղարշապատի (Էջմիածին), Նոր Բայազետի (Գավառ), Ստեփանակերտի, Լուկաշինի (Արմավիր), Գավառի, Հրազդանի, Նուբարաշենի (Սովետաշեն),
Նոր
Արաբկիրի: Նուբարաշեն և Լուկաշին գյուղերի համար Ալեքսանդր Թամանյանը նախագծել է նաև շենքեր:
Ա. Թամանյան՝
Նոր
Արաբկիրի
հատակագիծ,
1925
Ա. Թամանյան՝ Նուբարաշենի հատակագիծ,
1926
Ա. Թամանյան՝ Լուկաշինի (Արմավիր) հատակագիծ, 1926
Ա. Թամանյան՝
Վաղարշապատի (Էջմիածին) հատակագիծ, 1926
Ա. Թամանյանը իր աշխատանքային սենյակում, Երևան, 1930 թվականներ
Երևանի ամենասիրված շենքերից և խորհրդանիշներից մեկը Ալեքսանդր Թամանյանի հոյակապ ստեղծումն է՝ Օպերայի և բալետի թատրոնը: Այն մշակույթի և երաժշտության կենտրոն է, շրջապատված կարապի լճի պուրակով: Մարդիկ թատրոնն անվանում են պարզապես «Օպերա», և բոլորը գիտեն դրա կենտրոնական դիրքը: Շենքի մի կողմում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն է, իսկ մյուս կողմում ՝ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահը: Օպերայի և բալետի թատրոնը նախագծելու և կառուցելու համար (այն ժամանակ այն կոչվում էր Ժողովրդական տուն) Թամանյանից շատ ժամանակ, ջանք և եռանդ էր պահանջում և նա այդ աշխատանքով էր զբաղված 1926-ից մինչ և իր կյանքի վերջը 1936-ին:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն. Դահլիճը կրում է հայ ականավոր կոմպոզիտոր և դիրիժոր Ալեքսանդր Սպենդիարյանի անունը
Ճարտարապետ Ա. Թամանյան՝ Ժողովրդական տուն (թատրոն), գծանկար 1931թ
Ա. Թամանյան՝ Թատրոնի տարբերակը
Ա. Թամանյան՝ Թատրոնի տարբերակները
Թամանյանի առաջարկած շենքի կազմը. Կենտրոնում՝ հյուսիսային հիմնական առանցքի երկայնքով, կա մեքենայացված բեմ, երկու կողմերում էլ նույնական երեք մասից բաղկացած բեմական պորտալներ են: Հարավից հարում է ձմեռային թատրոնի
համերգասրահը՝ 1290 հանդիսատեսի համար նախատեսված, որը հագեցած է օժանդակ լսարաններով, իսկ հյուսիսից՝ 2000 հանդիսատեսի
համար
ամառային
համերգասրահ՝
շրջապատված երկաստիճան սյունաշարով, որի վրա գտնվում է տանիքը: Թամանյանի մտահղացմամբ ամառային դահլիճը արտաքին պատեր չուներ, սահմանափակված էր միայն սյունասրահով և բացվում էր դեպի թատրոնին հարող այգին, որը կփոխարիներ նախասրահին և ճեմասրահին:
Ճարտարապետ Ա. Թամանյան՝ ամառային համերգասրահի բաց ամֆիթատրոնային տարբերակը (այժմ՛ Արամ Խաչատրյան համերգասրահ)
Արևելքից և արևմուտքից բեմին կից են չորս շենքեր` գեղարվեստական և կոմունալ սենյակներով: Այս շենքերը կազմում են բակեր, որոնց միջոցով թեքահարթակ է անցնում ՝ բեմը սպասարկելու համար: Այս կոմպոզիցիան ուներ կենտրոնական բարձր ծավալ, որին երկու կողմերից հարում էին դահլիճների կիսագլանաձև ծավալները: Ենթադրվում էր, որ բոլոր փուլերը հագեցած կլինեին երկաթյա վարագույրներով, որոնք կարող էին անջատել դահլիճներից մեկը հրդեհի դեպքում: Թամանյանի բեմավորած թատրոնի ինտերիերը շատ շքեղ է` գեղանկարչության և քանդակագործության, մարմարի և հայկական դեկորատիվ քարերի օգտագործմամբ:
Ճարտարապետ Ա. Թամանյան՝ թատրոնի ճակատի գծանկար, 1932
Ճարտարապետ Ա. Թամանյան՝ թատրոնի մանրակերտի տարբերակ
Թատրոնի շենքի
քարի տեղադրման արարողությունը
տեղի ունեցավ 1932-ի գարնանը, և
Թամանյանն անձամբ էր վերահսկում Օպերայի
շենքի շինարարության մեկնարկը: Ալեքսանդր
Հովհաննեսի
Թամանյանի մահից հետո՝
1936-ին, թատրոնի ձևավորումը և կառուցումը վստահվեց ճարտարապետ Գևորգ (Գեորգի)
Ալեքսանդրի
Թամանյանին՝ նրա ավագ որդուն,
ով աշխատում
էր իր հոր հետ, ինչպես նաև մյուս երիտասարդ
տաղանդավոր ճարտարապետները:
Փորագրությունը թատրոնի պատի վրա
Գևորգ Թամանյանը մշակել է ներքին գծագրերը, հիմնվելով իր տաղանդավոր հայրիկի կողմից թողած բանավոր դիտողությունների և գրառումների վրա: Գևորգ Թամանյանն ամբողջությամբ նախագծել է Արամ Խաչատրյան համերգասրահը, որպեսզի փակ շենքը օպերայի թատրոնի հետ մեկ ամբողջական տեսք ունենա։
Գևորգ Թամանյան (1910-1993)՝ ՀՍՍՀ պատվավոր ճարտարապետ և շինարար, Ա. Թամանյանի ավագ որդին: Նա ավարտեց իր հոր նախագծերի մեծ մասը և նախագծեց իր հիանալի շենքերը
Արամ Խաչատրյան համերգասրահը Երևանի ճարտարապետական գոհարներից է: Գևորգ Թամանյանը նախագծել է այս համերգասրահը, որը կրում է խորհրդային հայտնի կոմպոզիտորի և դիրիժորի անունը: Արամ Խաչատրյանի ամենահայտնի ստեղծագործությունը «Սուսերով պարն է»՝ «Գայանե» բալետից
Երևանի օպերայի և բալետի թատրոնի կառուցումը
Փայլուն հայ քարատաշ վարպետները
Երևանի օպերայի և բալետի թատրոնը
Աահմանափակված ֆինանսավորման պատճառով (միայն 13
միլիոն ռուբլի), ծրագրի մեծ մասը
ենթարկվեց մեծ փոփոխությունների: Այսպիսով, նախատեսված ներքին շքեղ հարդարանքից միայն մնաց հիմնական սանդուղքի մարմարե երեսը:
Արվեստների սինթեզը բացառվում էր: Նման պայմաններում թատրոնն օգտագործվում
էր 1939-1978 թվականներին: Ալեքսանդր Թամանյանի 100-ամյակի առթիվ՝ 1978-ին
թատրոնում վերանորոգումներ են կատարվել:
1937-ին Օպերային թատրոնի նախագիծը ներկայացվեց Փարիզի միջազգային ցուցահանդեսում և նվաճեց ոսկե մեդալ:
Շառլ Ազնավուրին նվիրված (նա ներկա էր) համերգի ժամանակ Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի դահլիճում։ Լուսանկար՝ Զարուհի Թամանյան, 02.06.2017
Պատշգամբը և քարե զարդարանքը
Արամ Խաչատրյան համերգասրահ
Համերգ՝ Արամ Խաչատուրյան համերգասրահ
ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանը բացահայտում է Օպերայի և Բալետի թատրոնը (տեսանյութ)
Ալեքսանդր Թամանյանի աշխատանքում առանձնահատուկ տեղ է գրավում Երևանի Կառավարական տան շքեղ շենքը: Այն իսկապես ճարտարապետության գլուխգործոց է և ստեղծված է
համաշխարհային
ամենաբարձր մակարդակով:
1926-1928 թվականներին Թամանյանը նախագծեց Հողժողկոմատի (Հողային հարցերով զբաղվող ժողովրդական Կոմիսարիատի) կառավարական շենքը, որը նա նախատեսնում էր որպես Լենինի
օվալաձև
հրապարակի (այժմ՝ Հանրապետության հրապարակ)
անսամբլի
զարգացման առաջին շենքը: Նշենք, որ ակադեմիկոս Թամանյանը միշտ վերահսկել էր իր նախագծված շենքերի շինարարությունը: Մեծանուն ճարտարապետը շինհրապարակում ուշադիր ուսումնասիրում էր յուրաքանչյուր մանրուք, զրուցում էր վարպետների և աշխատողների հետ և շատ պահանջկոտորեն վերահսկում էր բոլոր աշխատանքների որակը: Հողժողկոմատի շենքը կառուցվել է վարդագույն ֆելզիտ տուֆից, բազալտե հիմքի վրա: Շենքի շինարարությունն ավարտվել է 1929-ին:
Երևանի գեղեցիկ Կառավարական տունը
1930-ի դեկտեմբերին Ալեքսանդր Թամանյանը ընտրվեց ՀԽՇ գիտությունների ինստիտուտի ակադեմիկոս: Մեծ ոգեշնչմամբ Թամանյանը աշխատել էր 1932-1936 թվականներին Կառավարական տան շենքի վրա, որի մեջ նա ներդաշնակորեն մակագրել է Հողժողկոմատի արդեն կառուցված շենքը:
Կառավարական տան նախագիծ, Ա.Թամանյան, Երևան: Կենտրոնական մասը չի կառուցվել, ինչը փոխել է արտաքին տեսքը և նվազեցրել շենքի ֆունկցիոնալությունը
Կառավարական տան շենքը տպավորիչ է իր գեղեցկությամբ. քարե հզոր արկադներ, սյունաշարեր, նրբագեղ կորեր: Ժամացույցի բարձր աշտարակը, որի վերին մասում հայկական դրոշն է, բաժանում է հիմնական ճակատը: Թամանյանը վերակենդանացրեց հայկական քանդակագործության արվեստը՝ դրան տալով նոր բովանդակություն: Շենքի քարե զարդարանքը ներառում է ավանդական մոտիվներ, ինչպիսիք են խաղողի և նռան գեղարվեստորեն միահյուսված ճյուղերը, ցորենի ձողերը, թռչունների և կենդանիների գլուխները: Հիասքանչ է հայ քանդակագործների հմտությունը:
Փոփոխված պլանը
Ալեքսանդր Թամանյանի անժամանակ մահից հետո նախագիծը վարպետորեն իրագործեց և ավարտեց նրա ավագ որդին՝ տաղանդավոր ճարտարապետ Գևորգ
(Գեորգի) Ալեքսանդի
Թամանյանը, ով երկար տարիներ իր հոր «աջ ձեռքն էր» եղել: Կառավարական տան 600 հոգու համար նախատեսված նիստերի մեծ դահլիճը ամբողջությամբ նախագծվել է Գևորգ
Թամանյանի կողմից: Կառավարական տունը կառուցվել է նախնական հատակագծի մեծ կրճատումներով, միջոցների բացակայության պատճառով: Չնայած դրան՝ շենքը շատ գեղեցիկ է: Շենքի հիմնական մասի շինարարությունն ավարտվել է 1941-ին, իսկ ամբողջ շենքը՝ 1952-ին:
Կառավարական տան նախագծի համար Ալեքսանդր Թամանյանը 1942-ին հետմահու արժանացավ Ստալինյան մրցանակի:
Կառավարական տունը՝
միշտ տպավորիչ է իր գեղեցկությամբ
Շենքի գեղեցիկ թեքումը
Կառավարության շենք (Facebook է հարկավոր)
Շենքի մանրամասները
Քարե զարդարանք
Հայ քանդակագործների հոյակապ արվեստը
Ալեքսանդր Թամանյանը Հայաստան տեղափոխվելուց անմիջապես հետո հիմնեց ճարտարապետական արվեստանոց, որտեղ մասնագետների թիմեր միասին էին աշխատում: Արվեստանոցը տեղակայված էր նախ Պողոս-Պետրոս եկեղեցու դպրոցում ապա թատրոնի կառուցման տարածքում գտնվող փայտե շենքում: Ճարտարապետների և ճարտարագետների մի խումբ աշխատում էր Թամանյանի արտադրամասում, մի քանի ճարտարապետներ հրավիրվել էին Ռուսաստանից, մնացածը համալսարանի տեխնիկական ֆակուլտետի տեղական շրջանավարտներ և արդյունաբերական տեխնիկումի շինարարական ֆակուլտետի շրջանավարտներ էին: Դա շատ աշխատասեր, լավ համակարգված թիմ էր, որը քրտնաջան աշխատում էր Թամանյանի նախագծերի վրա: Այս երիտասարդ մասնագետներից շատերը հետագայում դարձան հայտնի ճարտարապետներ: Նախագծողները պատրաստվել են անմիջապես արհեստանոցում 1-2 ամսվա ընթացքում: Արվեստանոցը համագործակցում էր նաև նկարիչների և քանդակագործների հետ: Հետագայում երիտասարդ մասնագետներից շատերը դարձան հայտնի ճարտարապետներ: Միշտ մտահոգված լինելով բարձրորակ նոր մասնագետների ստեղծման գործով՝ Ալեքսանդր Թամանյանը ճարտարապետական նախագծման դասեր է տվել Երևանի Համալսարանի տեխնիկական ֆակուլտետում, զբաղվել է մասնագետ դասախոսների ընտրությամբ և ուսումնական ծրագրերի պատրաստմամբ, ղեկավարել է ատեստավորման պետական հանձնաժողովը:
Կյանքի հետագա տարիներին Թամանյանի տեսողությունը այնքան վատացավ, որ նա այլևս չկարողացավ ձեռքով նկարել և նախագծել: Ճակատագրի ինչպիսի՜
դաժան շրջադարձ, ինչպես խլացած մեծ կոմպոզիտոր Բեթհովենի դեպքում: Դժվար է պատկերացնել, թե որքանէ դա վշտացրել Ալեքսանդր Թամանյանին: Սակայն այս խնդիրը նրան չկանգնեցրեց: Թամանյանը սիրով իր թիմին էր փոխանցում իր հսկայական գիտելիքները, հմտություններն ու փորձը: Նրա միտքը լի էր գաղափարներով, և նա դեռ շատ բան ուներ ստեղծագործելու: Նրա թիմը աշխատում էր մեծ նվիրվածությամբ:
Թամանյանը Երևան էր հրավիրել ճարտարապետության, գիտության և տեխնոլոգիայի ականավոր գործիչների, ովքեր օգնում էին բարդ խնդիրների լուծմանը և ազգային մշակույթները միավորելուն: Նա իր շուրջը հավաքեց արվեստի, գրականության և գիտության մի շարք հայտնի գործիչների՝ Թորոս Թորամանյան (ճարտարապետական պատմաբան), Ավետիք Իսահակյան (գրող), Նիկոլայ Բունիաթյան (Երևանի գլխավոր ճարտարապետ 1924-1938-ին), Սպանդարատ Կամսարական (բժիշկ), Մարտիրոս Սարյան (նկարիչ), Գրիգոր Արեշյան (մանկաբարձ-գինեկոլոգ) Ալեքսանդր Սպենդիարյան (կոմպոզիտոր, դիրիժոր, հայ ազգային սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր) և շատ ուրիշների: Նրանք բոլորը Թամանյանի մտերիմ ընկերներ էին և հյուրընկալվել էին Թամանյանների տանը:
Ալեքսանդր Թամանյանի ստեղծագործական գործունեության տեմպը պարզապես աներևակայելի էր և ապշեցուցիչ: 1925-1932 թվականներին Երևանում նա նախագծեց
բժշկական ինստիտուտի անատոմիկումը,
ինստիտուտներ՝
բժշկական, գինեկոլոգիական, ֆիզիոթերապևտիկ, անասնաբուժական, քիմիական-ֆիզիկական (հետագայում՝ պոլիտեխնիկական), գիտահետազոտական, մանկական կլինիկա, աստղադիտարան, հանրային գրադարան, գյուղատնտեսական բարձրագույն դպրոց և շատ ուրիշ կառույցներ:
Կենդանաբանության և անասնաբուժական ինստիտուտ (այժմ ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան)
Երևանի բժշկական ինստիտուտի անատոմիկում
Ալեքսանդր Թամանյանի և Գևորգ Թամանյանի՝ Հայաստանի Ազգային գրադարան
Ծննդատուն ք. Երևան, Աբովյան փող. 56, հիմնադրել է պրոֆեսոր Գրիգոր Հակոբի Արեշյանը (այժմ` Բեգլարյան բժշկական կենտրոն / ծննդատուն): Լուսանկար՝ Միքայել Կադիլով
Պոլիտեխնիկական ինստիտուտ. Ալեքսանդր Թամանյան
Ֆիզիոթերապևտիկ ինստիտուտ, ք. Երևան, Աբովյան փող. 54 (այժմ՝ Ոստիկանության բժշկական կենտրոն): Լուսանկարը՝ «Мой Старый Ереван - Իմ Հին Երևան» ֆեյսբուքյան խումբ
Ռուսաստանում
Զարուհի Թամանյանի լուսանկարները Հայաստանից՝ դաշտային կակաչներ և թիթեռ
1936-ի փետրվարի 20-ին Ալեքսանդր Թամանյանը մահացավ թոքաբորբից 57 տարեկան հասակում: Նրա մահը հսկայական կորուստ էր բոլորի համար: Չափազանց ցավալի է, որ Ալեքսանդր Թամանյանը չապրեց ավել և իր առավել նշանակալից նախագծերը չավարտեց: Նա երբեք չայցելեց Կառավարական տուն կամ Օպերայի և բալետի թատրոն: Ալեքսանդր Թամանյանը այդպես ել չտեսավ իր երազանքների Երևանը:
Ալեքսանդր Թամանյանը թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
Ալեքսանդր Թամանյանը թաղված է Պանթեոնում ՝ Երևանի գերեզմանատանը (հասցե՝ Արշակունյաց պողոտա 18), հայ գիտության և մշակույթի ականավոր գործիչների կողքին:
Ալեքսանդր Թամանյանի նման վարպետները չեն մահանում կամ անհետանում պատմությունից: Նա ապրում է իր ստեղծած գլուխգործոցների յուրաքանչյուր քարի մեջ, և նրա զարմանալի ոգին միշտ ներկա է իր ստեղծած Երևանում:
Միասին ընդմիշտ
Ռուսերենից թարգմանել է Զարուհի Թամանյանը։
Նվիրումներ հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին՝
Հիշատակ
Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը հպարտորեն կանգնած է Երևանի կենտրոնում Թամանյան փողոցի հանրային այգում, «Կասկադ» համալիրի արջև: Շատ հավանական է որ սա աշխարհի եզակի հուշարձանն է նվիրված քաղաք ստեղծող ճարտարապետին: Այն պատրաստված է բազալտե քարից՝ քանդակագործ Արտաշես Հովսեփյանի և ճարտարապետ Սեդա Պետրոսյանի կողմից: Քանդակագործի խոսքով- «Բազալտը՝ սև կամ մուգ մոխրագույնը» լավայի ու մոխրի որդի է: Բազալտը շատ ձգված է, դրա ճկունությունը լեգենդար է»:
Հուշարձանը բացվել է 1974-ի հունիսի 26-ին և
մինչ օրս շարունակում է մնալ շատ սիրված տեղ Երևանում քաղաքացիների և
զբոսաշրջիկների համար: Թե երեխաները, թե մեծահասակները սիրում են Թամանյանի
հուշարձանը: Երեխաները սիրում են վազել հուշարձանի շուրջ:
Ալեքսանդր Թամանյանի հուշարձանի բացման արարողությունը Երևանում, 1974
Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը
Երևանի հատակագիծը հուշարձանի վրա
Երեխաներին շատ դուր է գալիս այս հուշարձանը և այն հուզիչ կապ է ստեղծում Երևանի ստեղծողի և քաղաքի նոր սերնդի բնակիչների միջև
Քանդակագործը Ալեքսանդր Թամանյանի հուշարձանի մասին
Հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի քանդակագործական կերպար ստեղծելն իմ հին երազանքն էր: Ես շատ լուրջ էի տրամադրված, երկար էի պատրաստվում դրան՝ գիտակցելով ինչպես բարձր պատասխանատվությունը, այնպես էլ իմ առջև ծառացած դժվարությունները: Ճարտարապետության մոնումենտալ գործեր ստեղծած Վարպետի կերպարը պահանջում էր մոնումենտալ լուծում: Ինքը՝ Թամանյանը, շատ զգայուն էր շինանյութի նկատմամբ, որից գեղեցիկ շենքեր էին կառուցվում՝ ըստ նրա նախագծերի:
Հին քարագործները, որոնց հետ ես պատահաբար աշխատում էի ճարտարապետի հուշարձանի վրա, հիշում են, որ Նա սիրում էր կենդանի էակի պես շոյել քարը: Եվ դա քարն էր, այլ ոչ թե բրոնզը, որը պետք է օգտագործվեր Թամանյանի հուշարձանը ստեղծելիս: Ես պատկերացնում էի նրան որպես մտածողի, որը մարմնավորում էր իր գաղափարները քարի մեջ: Ուրախ եմ, որ Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը ներկայումս դարձել է մեր քաղաքի անբաժանելի մասը, որի ապագայի համար Նա ստեղծագործում էր»:Արտաշես Հովսեփյան՝
քանդակագործ
«Թամանյանի ծննդյան 100-ամյակի առթիվ», Կոմունիստ թերթ, 19.05.1978
Ռուսերենից թարգմանել է Զարուհի Թամանյանը
Ալեքսանդր Թամանյանի հուշարձանի հանրային այգու հարակից երկու զուգահեռ փողոցները կրում են Թամանյանի անունը 1953-ից: Թամանյան փողոցները ունեն մոտ 200 մետր երկարություն և մոտ 55 մետր լայնություն և կապում են Կասկադը Մոսկովյան փողոցի հետ:
Ալեքսանդր Թամանյանի փողոցը, Թամանյանի հուշարձանը և Օպերայի թատրոնը Արարատ լեռան տեսարանով
Թամանյանի պուրակում ցուցադրված են Կասկադ
համալիրում գտնվող Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (բացված 2000-ին)
քանդակները: Քանդակների շարքում կարելի է տեսնել կոլումբիացի քանդակագործ
Ֆերնանդո Բոտերոյի «Կատու», «Ծխախոտ ծխող կին» և «Հռոմեացի ռազմիկ»
քանդակները:
Ալեքսանդր Թամանյանի փողոցը և պուրակը
Թամանյան փողոցում տեղակայված են Ռուսական արվեստի թանգարանը, ինչպես նաև սրճարաններ, խանութներ, ռեստորաններ և պանդոկներ: Սա Երևանի շատ գեղեցիկ և սիրված տեղն է:
Երևանի փողոցներում. Ալեքսանդր Թամանյան (տեսանյութ)
Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում (Լենինական), նույնպես կա Թամանյան փողոց, և ներկա հրապարակը կառուցվել է 1926-ի երկրաշարժից հետո Ալեքսանդր Թամանյանի նախագծով:
Հայաստանի և Արցախի արժույթը հայկական դրամն է (AMD), որը շրջանառության մեջ է 1993-ի նոյեմբերի 22-ից, խորհրդային ռուբլու փոխարեն: «Դրամ» բառը հունարենից թարգմանաբար նշանակում է «փող»:
Հաշվի
առնելով Ալեքսանդր Թամանյանի մեծ ներդրումը Հայոց մշակույթի զարգացման
մեջ՝ նրա դիմանկարը տեղադրվեց 500 դրամ անվանական արժեքով թղթադրամի վրա:
129 x 72 մմ չափսերով 500 թղթադրամները այժմ ունեն հավաքածուի արժեք, քանի
որ այլևս չեն տպվում և փոխարինվել են մետաղադրամներով:
Դիմերեսը՝ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի դիմանկարը՝ Երևանի հատակագծի ֆոնին:
500 դրամի դիմերեսը
Դարձերեսը՝ ՀՀ կառավարության շենքը
2000-ին թողարկվեց Հայաստանի փոստային նամականիշ՝ նվիրված Ալեքսանդր Թամանյանին:
Թամանյանի ստեղծագործության ազդեցության տակ ձևավորվեց մի նոր ճարտարապետական դպրոց, որը իրավամբ կարելի է անվանել Նրա անունով: Թամանյանի գրական ժառանգությունը բաղկացած է մի քանի հոդվածներից և մի շարք բացատրական հուշագրերից: Թամանյանի մեջբերումները խմբավորված են հետևալ բաժիններին` ճարտարապետական ստեղծագործություն, Երևանի հատակագիծ, քաղաքաշինության և ճարտարապետության և շինարարության կազմակերպման հիմնախնդիրներ: Թամանյանի աշխատանքը մեծ նշանակություն ունեցավ Խորհրդային Հայաստանի ճարտարապետության համար, այն բանալին էր ճարտարապետական ժառանգությունը ընկալման համար, հին ավանդույթների զարգացման և նոր ճարտարապետություն ստեղծելու մեծ գործում»:«Խորհրդային ճարտարապետության վարպետները ճարտարապետության մասին», Մ.Գ. Բարխին, Ա.Վ. Իկոննիկով, Արվեստ, 1975
Զարուհի և Գագիկ Թամանյանները շատ ուրախ կլինեն
ստանալ
ձեր էլեկտրոնային հաղորդագրությունները՝ infotamanian@gmail.com
Մենք անկեղծորեն երախտապարտ ենք ցուցաբերած օգնության համար՝
մեր ընտանիքին՝ Թագուհի Թամանյանին, Կամիլլա Թամանյանին և Նաիրա Թամանյանին, ինչպես նաև Աննա Բաղդասարյանին, Ալեքսանդր Կադիլովին, Միքայել Կադիլովին, Նելլի Քոչարյանին,
Դավիթ Սանդելլին
,
Արթուր Գևորգյանին
և
Պավել Ջանգիրովին:
Այցելեք մեր կայքի այլ բաժինները՝
Կիսվեք հղումով՝ www.alexandertamanian.com/nahagtser/
Copyright © Zara Tamanian 2021. All Rights Reserved. Please link to this website and share a link: www.alexandertamanian.com